21/11/2014 14:22
Սմբատ Ցականյանի հայր. Իրանց մենք պահում ենք, մի հատ էլ տու՞ն սարքենք տանք իրանց
Ադրբեջանցի դիվեսանտների կողմից սպանված Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի հայրը՝ Մեխակ Ցականյանը նախօրեին կայացած դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի հասկանում՝ ի՞նչ են ուզում, որ դիվերսանտների համար տուն սարքեն, որ նրանք ապրեն:
«Ես սահման եմ պահում, որ այսօր իմ երեխան ազատ լինի, բայց խաղաղ պայմաններում սպանում են իմ երեխային: Իրանք Սաֆարովին գեներալ են տալիս, իսկ Կարեն Պետրոսյանին 2 օր էլ չպահեցին: Իրանց մենք պահում ենք, մի հատ էլ տու՞ն սարքենք տանք իրանց: Դա՞ են ուզում: Ինչ են ուզում, չեմ իմանում»,- ասել է նա:
Մ. Ցականյանը նաև ասել է, որ «դատարանը լավ դատ է անում»:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ որդին` Սմբատ Մեխակի Ցականյանը (ծնված 28.04.1997թ., բն. է նույն գյուղում) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:
Օրեր անց ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից որոնողական միջոցառումների արդյունքում Շահումյանի շրջանի նախկին Շապլար գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 2014թ. հուլիսի 04-ից անհայտ կորած` Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանի դիակը, որի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, առկա են բազմաթիվ հրազենային վնասվածքներ: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Սմբատ Ցականյանը առևանգնվել է զինված դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով ԼՂՀ տարածք ապօրինի ներթափանցած` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Գուլիևի (ծնվ. 1968թ.), Դիլհամ Ասկերովի (ծնվ. 1960թ.) և ձերբակալման պահին ԼՂՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներին դիմադրություն ցուցաբերած և տեղում ոչնչացված` նախաքննությամբ ինքնությունը չպարզված անձի կողմից:
Նախորդող հրապարակում՝ Դիվերսանտ Ասկերովն իր նախկին համախոհին մեղադրել է ստախոսության մեջ
Դիվերսանտների դատ. Ո՞վ է Սմբատ Ցականյանի մարմինը տեղափոխել դեպքի վայրից