21/11/2014 15:08
Վ. Աբրահամյան. Ոսկերչագործությամբ զբաղվողների 70-80 տոկոսը աշխատում է սև շուկայում
Այսօր էկոնոմիկայի նախարարությունում քննարկում էր կազմակերպվել` ադամանդագործության, ոսկեգործության և ժամագործության թեմաների շուրջ: Քննարկմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ:
«Ոսկերչագործությամբ զբաղվողների 70-80 տոկոսը աշխատում է սև շուկայում»,- ասաց «Վաղարշ և որդիներ» ընկերության տնօրեն Վաղարշ Աբրահամյանը՝ հավելելով, որ օրենդրական փոփոխություններ են անհրաժեշտ:
Նա նաև այն կարծիքին է, որ հնարավոր է մուտքեր ապահովել, նաև սև շուկայից դուրս գալ, եթե ավելացված հարկը մուծվի 100-150 մլն դրամի դեպքում, ոչ թե այսօր գործող 58 մլն դրամի:
Ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչներից մեկը առաջարկեց նախարարությանը մշակել տարբերակ, ըստ որի, Հայաստանում արտադրվող ոսկու հումքի մի մասը մնա Հայաստանում և հայ ոսկեգործները էժան գներով կարողանան ոսկի ձեռք բերել:
«Արևակն» ընկերության տնօրեն Վարդան Անդրեասյանը հաղորդեց, որ կապված ցածր աշխատավարձի հետ` ոսկեգործության ոլորտում մասնագետների պակաս է նկատվում: «Հարկերը բարձր են, ոլորտում սերնդափոխություն չի կատարվում»,-ասաց նա:
Նախարար Կարեն Ճշմարիտյանը խոստացավ զբաղվել առաջարկություններով: