21/11/2014 17:23
Վարդան Պետրոսյանի գործ. Ես նստած եմ լուռ, անխոնջ, կսպասեմ մինչ դատարանը տա իր գնահատականը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատակաքննությունը:
Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը իր խոսքում ասաց, որ դատարանը նոյեմբերի 19-ին դատաձեռագրաբանական փորձաքննություն անցկացնելու հետ կապված որոշումը ապօրինի է կայացրել:
Նրա խոսքով՝ նախաքննական մարմինը միտումնավոր «չի գծել մի քանի հետք» և չի պատկերացրել, որ այս դարում լուսանկարում պատկերվածը հնարավոր է տեղափոխել գծագրի վրա:
Վ. Պետրոսյանի մյուս փաստաբան Սամվել Ջաղինյանը ասաց, որ դատարանում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, քանի որ մի դեպքում դատարանը իր որոշման մեջ մեջբերումներ է անում վկայի խոսքից, սակայն նույն վկայի միջնորդությունը չի գնահատում, սակայն արդարադատությունը պետք է լինի կանխատեսելի:
Փաստաբանը ասաց, որ դատարանը նաև ուշադրություն չի դարձրել քննչական գործողություններին մասնակից դարձած ընթերակա Գրիշա Գասպարյանի ցուցմունքին, և գործ ունենք «հերթապահ ընթերակայի» հետ, որ անհրաժեշտության դեպքում օպերների կողմից հրավիրվում է:
Ս. Ջաղինյանի խոսքով՝ դատարանը կասկածի տակ է դրել արտասահմանի մասնագետի կարծիքը և չի նկատել ստորագրությունների նմանակումը:
Տուժող կողմի պաշտպան Ռուբեն Բալոյանը միջնորդեց անցկացնել դատաձեռագրաբանական փորձաքննություն Վարդան Պետրոսյանի սթափության հետ կապված բժշկական փաստաթղթերով, քանի որ նրա խոսքով՝ այդ փաստաթղթերում կատարվել են տեսանելի փոփոխություններ՝ ջնջումներ, ավելացումներ:
Նա նաև պահանջեց պատասխանատվության ենթարկել ֆրանսիացի փորձագետին, քանի որ, նրա խոսքով՝ փորձագետը ներկայացրել է կեղծ կարծիք:
Մեղադրող Արթուր Սարգսյանը ասաց, որ եթե տուժող կողմը ունի չփարատված կասկածներ, ապա նա պետք է դիմի համապատասխան մարմնին:
«Ընդունենք՝ պարզվեց, որ Պետրոսյանը ինչ-որ մի աստիճանի խմած է, դա ի՞նչ է տալու»,- ասաց նա: Վ. Պետրոսյանը ասաց, որ նույնիսկ իր դեմ արված միջնորդությունների ժամանակ էլ նա դատախազի մեջ տեսնում է օբյեկտիվ աշխատող մարդու:
Նա պատահական չհամարեց այդ պահին միջնորդության հրապարակումը և ասաց, որ սպասում էր դրան: «Մենք կանգնած ենք նույն փակուղու առաջ: Ես նստած եմ լուռ, անխոնջ, կսպասեմ մինչ դատարանը տա իր գնահատականը»,- ասաց նա:
Դատավորը մտավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Պետրոսյանի գործ. Ստորագրությունը, ըստ փորձագետի, նմանակվել է