21/11/2014 18:40
Վերաքննիչն անփոփոխ թողեց Վարդան Ղուկասյանի եղբորորդու դատավճիռը
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով դատավճիռը:
Վ. Ղուկասյանը դատավճիռը լսեց ժպիտով և դիմեց դահլիճում գտնվող իր հարազատներին. «Դուխներդ չգցեք, ամեն ինչ լավ ա լինելու»:
Հուլիսի 22-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակվեց Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդի՝ Վահե Ղուկասյանի գործով դատավճիը: Վ. Ղուկասյանը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման:
Գործով դատախազները Վ. Ղուկասյանի համար պահանջել էին 22 տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Վահե Ղուկասյանը հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:
Նախորդող հրապարակում՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդին դատապարտվեց 17 տարվա ազատազրկման