21/11/2014 12:53
Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է քաղաքացիական ժողովի
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարությամբ հանդես եկավ:
Մինչև բուն հայտարարությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց արցախյան ուղղաթիռի խոցումից, գնահատեց դա որպես պետական ահաբեկչություն Ադրբեջանի կողմից:
Այնուհետ անդադարձավ Արցախը ճանաչելու խնդրին՝ նշելով, որ 23 տարի իրենց հռետորաբանությունը չի փոխվել, Երևանում, Բաքվում, Անկարայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում միշտ նույն դիրքորոշմամբ են հանդես եկել և ուղղաթիռի խոցման դեպքը ավելի է հրատապ դարձնում Արցախը ճանաչելու հարցը:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց միջազգային քաղաքկան ամբիոններում իր ելույթների ու դրանց մասին հայաստանյան մամուլում իր դեմ տպագրված նյութերի մասին:
«Հերիք է, բավ է կեղծ մաչոյիզմը, ազգասիրությունը... Օտարի դեմ բանեցրեք, ոչ թե զանգեք խմբագիրներին...» - բարկացավ Ր. Հովհաննիսյանը:
Այնուհետև, խոսելով եռյակում տիրող քաղաքական իրավիճակի, մարտավարական մի շարք խնդիրների մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ քաղաքացիական ժողով է հրավիրում:
«Ազատ անկախ Հայաստան», «անհապաղ ամբողջական իշխանափոխություն», «ինքնիշխան հանրապետություն», «ճանաչված Արցախ», «իրավատեր քաղաքացի»»,- այս լոզունգներով Հովհաննիսյանը ներկայացրեց քաղաքացիական ժողովի իր հրավերը:
Նշենք, որ քաղաքացիական ժողովները տեղի կունենան՝ Երևանում դեկտեմբերի 5-ին՝ 17.00-ին, հաջորդ օրը ՝ դեկտեմբերի 6-ին Վանաձորում, ժամը 13.00-ին Արցախի պուրակում և նույն օրը ՝ 17.00-ին՝ Գյումրիում Աճեմյանի անվան թատերական հրապարակում:
«Տասը հոգի, թե տասը հազար, մենք լինելու ենք հրապարակում», - հայտարարեց Հովհաննիսյանը:
Քաղաքացիական ժողովների ժամանակացույցը ներկայացնելուց հետո Ր. Հովհաննիսյանը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին: