22/11/2014 16:12
ԱՄՆ-ն մանևրո՞ւմ, թե՞ ատամ է ցույց տալիս Թուրքիային (Տեսանյութ)
Սպիտակ տան այցելությունների սրահում ցուցադրվեց Ղազիրի որբանոցի հայ աղջիկների գործած գորգը, որը հայտնի է որպես «Հայ որբերի գորգ»:
Հատկանշական է այն հանգամանքը, որ Հայ որբերի գորգը բնութագրվում է որպես ցեղասպանության խորհրդանիշ, և որոշ առումով համարվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ ակնկալվող արշավի մեկնարկ:
Գորգը գործվել է հայ որբերի կողմից 1920-ականներին և պաշտոնապես ներկայացվել Սպիտակ տանը 1925-ին: Այն փոխանցվել է Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին` որպես երախտիքի նշան Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության համար:
Հույս կար, որ գորգը, որը գրեթե 20 տարի գտնվել է պահեստում, կարող է ցուցադրվել 2013 դեկտեմբերի 16-ին Սմիթսոնյան ինստիուտի կողմից անցկացվող միջոցառմանը, որի մեջ ներառվում է նաև դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանի` «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» աշխատության շնորհանդեսը:
Սակայն սեպտեմբերի 12-ին Սմիթսոնյան ինստիտուտի գիտնականներից մեկը, ով օգնել է միջոցառումը կազմակերպել, չեղյալ է հայտարարել այն` հղում անելով Սպիտակ Տան այն որոշմանը, թե նա չի ցանականում տրամադրել գորգը:
Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում Օսմանյան կայսրության՝ հայերի հանդեպ իրականցված գործողությունները ցեղասպանություն որակել: Իսկ ԱՄՆ-ն էլ իր հերթին չէր ցանկանում նեղացնել իր դաշնակցին:
Կոնգրեսական Ուիլյամ Մաքգովերնի խոսքով՝ գորգի ցուցադրությունը պետք չէ համարել Հայոց ցեղասպանության ճանաչումը փոխարինող քայլ:
Սակայն որքան էլ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարեն, որ դա ուղղակի ցուցադրություն է, ակնհայտ է մի բան. գորգի ցուցադրությունը, բնականաբար, կազդի Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա:
Աթաթուրքի անվան համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների հարցերի կենտրոնի ղեկավար Էրոլ Քյուրքչուօղլունը հայտարարել է, որ «գորգը պարզապես պատրվակ է թուրքերի հանդեպ թշնամանք սերմանելու համար», և Սպիտակ տունն էլ է դրա մասնակիցը դառնում:
Գիտնականի արտահայտած մտքերից պարզ է դառնում, որ Թուրքիան արդեն ինչ-որ խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ: Իսկ միգուցե Հայ որբերի գորգը ցուցադրելով Սպիտակ Տունը փորձում է ատամ ցույց տալ Թուրքիային:
Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվում է սառնություն: «Զրո խնդիրներ հարևանների» հետ քաղաքականությունը կարծես այլ ուղղությամբ է ընթանում. «Թուրքերն ընկերներ չունեն բացի իրենք իրենցից»: Միաժամանակ նկատելի է, որ Թուրքիան շարժվում է դեպի մեկուսացում: