22/11/2014 17:15
Արհեստագործական ուսումնարանները հավատ չեն ներշնչում. Անահիտ Բախշյան
«Հայաստանի քոլեջներն ու արհեստակագործական ուսումնարաններն իրենց շենքային պայմաններով, գույքով անմխիթար վիճակում են: Բացի այդ՝ արհեստագործական ուսումնարաններն իրենց կրթության որակով հավատ չեն ներշնչում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Մանկավարժի խոսքով՝ արհեստագործական ուսումնարանների գույքը դեռևս խորհրդային շրջանի ժամանակաշրջանինն է: Նա պնդում է, որ դրանք չեն թարմացվել դեռ այդ ժամանակներից: «Եթե անգամ թարմացվել են, ապա տարածված մի քանի մասնագիտությունների գծով, բայց ոչ այն մասնագիտացումների, որի կարիքն ու անհրաժեշտությունն այսօր կա: Դրանք են օրինակ՝ վերելակի մասնագետներ, շինարարության ոլորտում մասնագիտություններ, վարորդներ և այլն»,- նկատեց Բաշխյանը՝ հավելելով սակայն, որ վերելակների գծով մասնագետների մեծ կարիք կա, բայց չգիտի նա, թե որտեղ են նրանց պատրաստում:
Փորձագետի համոզմամբ՝ ուսումնարանները պետք է համալրվեն լավ մասնագետներով, ովքեր իսկապես հասկանում են ոլորտից: Նա տեղեկացրեց օրինակ, որ արհեստագործական ուսումնարաններից մեկի տնօրեն է նշանակվել մանկապարտեզի վարիչ, իսկ մի դեպքում՝ դասվար և այդպես շարունակ: «Մի այլ դեպքում էլ՝ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մի հարկահավաք»,- ասաց նա:
Ա. Բախշյանի խոսքով՝ 12-ամյա կրթություն նշանակում է այդ բնագավառի մեջ մտնող հաստատությունների զորացում, կադրեր, որոնք կկարողանա պետության պատվերը պատշաճ կատարել՝ իջեցված մասնագիտությունների գծով: Նա նկատեց սակայն, որ պատահական մարդիկ են դառնում այդ հաստատությունների տնօրենները: Նրա համոզմամբ՝ արհեստագործական ուսումնարանների կրթությունն իր որակով չի կարող հավատ ներշնչել այդպիսի պայմաններում:
Փորձագետն ընդգծում է նաև, որ ուսումնարաններում սովորողների թիվը ևս նվազել է: Պատճառն ըստ նրա, հենց այդ վստահությունն է: «Այլևս վստահություն չկա: Վստահությունը նման կարևոր ուսումնական հաստատությունների նկատմամբ նվազել է»,- հավելեց նա, ում համոզմամբ՝ այդ վստահությունը բարձրացնելու համար պետք է ոլորտում ընդգրկել հատկապես ստեղծագործ մարդկանց: «Նրանք կկարողանան այդ հաստատությունները այս փոսից հանել»,- եզրափակեց նա: