22/11/2014 10:03
ԲՀԿ-ական պատգամավոր. Համագործակցելը որոշում կայացնել է նշանակում, ոչ թե բրնձել
«Ժամանակը» զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:
-Պարոն Խաչատրյան, այսօր ԱԺ-ն ընդունեց Սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Ւ՞նչ եք կարծում, մեր օլիգարխները շահագրգռված կլինե՞ն գնալ և ներդրում կատարել նաև սահմանային գյուղերում:
-Թող օրենքը մտնի ուժի մեջ, կյանքը ցույց կտա, իսկ որ սահմանային գյուղերին պետք է օգնել, տալ արտոնություն՝ միանշանակ է, հակառակ դեպքում մենք պարզապես կկորցնենք սահմանապահների այն հատվածը, որ կոչվում է համայնքի բնակիչ. նրանից բացի ոչ ոք չի կարող պահել սահման:
-Ձեր կուսակցության շարքերում էլ կան օլիգարխներ, ինչո՞ւ նրանք գյուղատնտեսության ոլորտում չեն անում ներդրումներ:
-Կարծում եմ՝ ընդհանուր է ներդրում չանելու ցանկությունը: Ներդրումային վիճակը երկրում բարենպաստ չէ ներդրումներ կատարելու համար:
-Այս վիճակը ո՞ւր է տանում. երեկ էլ պարզ դարձավ, որ ոչ իշխանական Եռյակը չի համագործակցի իշխանության հետ, և միայն համամասնական ընտրակարգի կամ տասներկու կետի շուրջ են առաջարկները:
-Ես չեմ կարծում, որ չի համագործակցելու. առաջարկներն արված են, լուծումները պետք է տրվեն, եթե չեն տալիս, ապա Եռյակը «պեչատ» չունի և որոշում կայացնելու իրավունք չունի: Արդեն չորս-հինգ ամիս է, այդ 12 կետերը շրջանառության մեջ են, առաջարկված են. սա ժողովրդի, և ոչ թե եռյակի առաջարկն է: Լուծումներ թող տան, եթե ցանկանում են համագործակցել: Համագործակցելը որոշում կայացնել է նշանակում, ոչ թե բրնձել: