22/11/2014 15:00
Գեորգի Պողոսյան. Առանց վերջույթների ծնված երեխայի գործում չպետք է դատապարտել բժշկին
Բնածին արատները վիրուսային ինֆեկցիաների՝ ցիտոմեգալովիրուսի և հերպեսի հետևանք կարող են լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը:
Նրա խոսքով՝ պետք է ձևավորել այնպիսի մշակույթ, որ մարդիկ իրենց ճոխ հարսանիքներին հատկացվող մեծ գումարներից որոշ գումար հատկացնեն հետազոտությանը՝ բնածին արատներով երեխաներ ունենալու ռիսկը նվազեցնելու համար:
«Ցիտոմեգալովիրուսը կարող է հանգեցնել նորածնի մոտ ծայրանդամների բացակայության, նապաստակի շուրթի, ողնաշարի ճողվածքի և այլն, իսկ հերպեսը հաճախ բերում է վիժումների՝ մինչև 14 շաբաթական ժամկետը, կամ պտղի մահի՝ մոր արգանդում: Հաճախ հերպեսի հետևանքով ծնվում են համր, խուլ, կույր կամ Դաունի սինդրոմով երեխաներ»,-ասաց նա:
Գ. Պողոսյանի խոսքով՝ վիրուսները «արթնանում» են կնոջ օրգանիզմի դիմադրողկանության անկման հետևանքով, երբ օրինակ՝ աղջիկներն ու կանայք մինչև հղիանալը հետևում են տարբեր դիետաների, ինչը թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:
Անդրադառնալով «Մալաթիա» ծննդատանը առանց վերջույթների երեխայի լույս աշխարհ գալուն՝ Գ. Պողոսյանն ասաց, որ չպետք է դատապարտել ուլտրաձայնային հետազոտություն անցկացնող բժշկին, քանի որ դիագնոստիկ սխալներ միշտ էլ կարող են լինել, իսկ դատապարտել բժշկին պետք է, երբ, օրինակ, չի հայտնաբերվում մոր արգանդում մահացած երեխան:
Նա խոստովանեց, որ եթե ինքը ունենար նման խնդիրներով երեխա, ապա նրան կհանձներ մանկատուն, քանի որ «նման երեխաները միշտ բազմաթիվ խնդիրներ են ունենում, և ծնողների համար մեծ ցավ է, երբ այդքան դժվարությամբ պահելուց հետո տեսնեն երեխայի մահը»: