22/11/2014 15:21
Հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների առանձնահատկությունները
Նախօրեին աշխատանքային այցով Թուրքմենստան այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախագահի նստավայրի ընդունելությունների պալատում առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները, ինչին նպաստել են երկկողմ բարձր մակարդակի այցերը:
Հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունները հիրավի կարելի է համարել համեմատաբար ավելի զարգացած ի համեմատություն ԱՊՀ մի քանի այլ երկրների: Բավականին ոգևորիչ են հատկապես առևտրական կապերը բնորոշող ցուցանիշները: Հայաստանից Թուրքմենստան արտահանումը 2013թ-ին կազմել է 19 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը 2.6 մլն դոլար:
Վերջին 3 տարիների ընթացքում դեպի Թուրքմենստան արտահանումը ավելացել է մոտ 5 անգամ, իսկ ներմուծումը բացառությամբ նախորդ տարվա մշտապես գերազանցել է արտահանման ծավալները, սակայն նախորդ տարի կտրուկ կրճատվել է «հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք» հոդվածով ապրանքատեսակի ծավալները, ինչի արդյունքում նախորդ տարի գրանցվել է ներմուծման ամենացածր ցուցանիշը՝ 2.6 մլն դոլար:
Հայաստանից Թուրքմենստան արտահանվում է առավելապես ծխախոտ, բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, որոնք կազմում են տվյալ ուղղությամբ ընդհանուր արտահանման 85%-ը:
Թուրքմենստանի հետ առևտուրը նշանակալի զարգացած է համեմատած մյուս ԱՊՀ երկրների, մասնավորապես արտահանման գծով: Բանն այն է, որ դեպի Թուրքմենստան արտահանման ծավալները գերազանցում են մյուս բոլոր ԱՊՀ երկրներ Հայաստանի արտահանման ցուցանիշին, բացառությամբ՝ դեպի Ռուսաստան: Օրինակ՝ նախորդ տարի Հայաստանից Ուկրաինա արտահանումը կազմել է 15, Ղազախստան՝ 7.2, Բելառուս՝ 8.5 մլն դոլար, ինչը զգալի զիջում է դեպի Թուրքմենստան արտահանումից:
Սա վկայում է այն մասին, որ վերոհիշյալ ապրանքների մասով հայկական ապրանքատեսակները թուրքմենական շուկայում ունեն կայուն պահանջարկ և ընդլայնվելու հնարավորություն:
Հարկ է փաստել, որ Հայաստանն ու Թուրքմենստանը ունեն համագործակցության լավ փորձ և որ կարևորն է՝ ներուժ էներգետիկայի, թեթև և տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում և ավելի քան 60 փաստաթղթից կազմված մեր իրավապայմանագրային բազա: