22/11/2014 12:56
Մոսկվայի շահերից չի բխում «Ադրբեջան-Թուրքմենստան» միջանցքի ստեղծումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կասպից ծովի հատակով թուրքմենական գազի հնարավոր առաքումները Ուկրաինային Ռուսաստանի շահերը շոշափող խնդիր է:
Նա նշել է, որ իրենց ադրբեջանական և թուրքմենական գործընկերները ըմբռնումով են մոտենում Մոսկվայի փաստարկներին կապված Կասպից ծովի վերջնական իրավական կարգավիճակի հստակեցման և ծովի հատակով խողովակի անցկացման հետ կապված: Փաստորեն Ռուսաստանը իր մտահոգությունն է հայտնում իր սահմանները շրջանցող նոր էներգետիկ-տրանսպորտային միջացքի կյանքի կոչման հետ կապված, ինչը կարող է նվազեցնել իր էներգետիկ ազդեցությունը ԵՄ-ի վրա, իսկ Արևմուտք-Ռուսաստան նոր «սառը պատերազմի» պարագայում Մոսկվան չի ցանկանում զրկվել այդ հաղթաթղթից:
Իր հերթին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը այսօր ընդունելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաևին հայտարարել է, որ Աշգաբադը պատրաստ է ընդլայնել բազմակողմ կապերը Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով և ցանկանում է իր էներգակիրները արտահանել արտաքին շուկաներ:
Այս պարագայում Ադրբեջանը մերձկասպյան երկրներից Ղազախստանի և Թուրքմենստանի համար դառնում է յուրահատուկ «պատուհան», տարանցիկ միջանցք դեպի եվրոպական շուկաներ, ինչն էլ առաջացնում է Մոսկվայի բացասական արձագանքը ի դեմս Լավրովի այսօրվա հայտարարության: Ադրբեջանը ցանկանում է դիվիդենտներ քաղել Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներից և ավելացնել իր ու տարանցման ճանապարհով նաև կասպյան այլ երկրների էներգակիրների ներկայությունը ԵՄ-ի շուկայում:
Ղազախստանն արդեն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարանցման հնարավորությունները՝ իր էներգակիրները դեպի Արևմուտք արտահանելու նպատակով:
Բաքվի և ղազախական Աքթաու նավահանգիստների միջև գործում է լաստանավային փոխադրումներ: Տարեկան Ղազախստանը Ադրբեջանի տարածքով կարտահանի 4 միլիոն տոննա նավթ, ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել վերջերս:
Ադրբեջանի կողմից մերձկասպյան թյուրքախոս երկրների՝ Ղազախստանի և Թուրքմենստանի համար տարանցման երկիր դառնալու ծրագրերին է միտված նաև «Ադրբեջան-2020» ռազմավարությունը:
«Ադրբեջան-2020» ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է Ադրբեջանի հասարակական, տնտեսական զարգացման տեսլականը մոտակա 20 տարիների համար ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից դեռևս 2012թ.-ին:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը պետք է դառնա Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ էներգետիկ-տրանսպորտային միջանցքների խաչմերուկ և տարածաշրջանում տարանցիկ կարևորագույն օղակ:
Տարանցիկ և էներգետիկ-տրանսպորտային միջանցք դառնալու համար Ադրբեջանը նախատեսում է մոտակա տարիների ընթացքում արդիականացնել երկաթգիծը, ավտոճանապարհները բերել միջազգային չափորոշիչներին, Կասպից ծովի ափին կառուցել նոր միջազգային առևտրային Ալյաթի նավահանգիստը, ինչպես նաև Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում կառուցել նոր համալիր և օդանավակայանի տարածքում ստեղծել ազատ տնտեսական գոտի:
Վերջերս Բաքվի մերձակայքում գտնվող Ալյաթի ավանում տեղի է ունեցել միջազգային նոր նավահանգստի լաստանավային առաջին տերմինալի բացման արարողությունը, որին ներկա է գտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բացման արարողությանը Ալիևը հայտարարել է, որ Ալյաթիի առևտրային նավահանգիստը ամենախոշորն է Կասպից ծովում և այն հնարավորություն կտա ավելի խորացնել համագործակցությունը կասպյան ավազանում:
Կասպյան տարածաշրջանում էներգետիկ-կոմունիկացիոն համագործակցությունը ավելի կխորանա և Տրանսկասպյան խողովակաշարը կյանքի կկոչվի Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերջնական հստակեցումից հետո միայն: Այդ ուղղությամբ էլ մերձկասպյան երկրները ակտիվ աշխատանքներ են տանում(Աստրախանում վերջերս կայացավ Մերձկասպյան երկրների գագաթաժողովը), քանի որ ցանկանում են նվազեցնել իրենց կախվածությունը միայն ռուսական ուղղությունից և արտահանել էներգակիրները նաև դիվերսիֆիկացված ճանապարհներով դեպի ԵՄ: