22/11/2014 11:09
ՊՆ-ում ռազմակրթական խնդիրներին նվիրված գիտաժողով է անցկացվել
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր անցկացվել է գիտաժողով՝ նվիրված ՀԱՊԿ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երում ուսուցման գործընթացում կիրառվող ժամանակակից մեթոդների և ձևերի, առաջավոր փորձի փոխանակման և, ըստ անհրաժեշտության, այն ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երում ներդնելու հարցերի քննարկմանը:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
ՀԱՊԿ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երի շրջանավարտների և դասընթացների ունկնդիրների հետ անցկացված անդրանիկ գիտաժողովին ներկա են եղել ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ և այլք:
ՌՈՒՀ-երում ուսուցման ժամանակակից մեթոդներ ու ձևեր ներդնելու, ռազմական կրթության ոլորտն առավել զարգացնելու հարցերի քննարկմանը միտված գիտաժողովի աշխատակարգի հայտարարումից հետո բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարն ընդգծել է, որ անկախությունից ի վեր զինված ուժերի համալրումը, սպայական կադրերի պատրաստումը, վերապատրաստումն ու նրանց որակավորման բարձրացումը մշտապես եղել են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ զինված ուժերի մարտունակության ամրապնդման հետ մեկտեղ պաշտպանության նախարարությունը լուրջ աշխատանք է իրականացնում միջազգային ռազմական համագործակցության բնագավառում, որի կարևորագույն բաղկացուցիչներից մեկն էլ հանդիսանում է համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում:
Գիտաժողովի ընթացքում ներկա մարտահրավերների պայմաններում ռազմակրթական համալիրի կայացման, լավագույն ուսուցման մեթոդների ներդրման, կուրսանտների գիտելիքների հսկման և գնահատման վարկանիշային համակարգի ներդրման, հրամանատարների և շտաբների աշխատանքների կազմակերպման հիմնական տարբերությունների և այլ թեմաներին շուրջ զեկույցներով և առաջարկներով հանդես են եկել ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:
Եզրափակելով գիտաժողովի աշխատանքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ վեր հանված հարցերն ու ծավալված քննարկումները հիմք կհանդիսանան ռազմական կրթության ոլորտն առավել զարգացնելու համար: