22/11/2014 14:22
Սեյրան Օհանյան. Պետք է հպարտանանք ՊԲ հատուկ նշանակության զինծառայողներով
«Իհարկե, կատարված ցավալի երևույթ է, սակայն սփոփանքի խոսքերի հետ միասին, որ ուղղված պետք է լինեն զոհված օդաչուների հարազատներին, մենք պետք է հպարտանանք ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներով, որոնք իրենց առջև դրված այդ բարդ խնդիրը պատվով կատարել են»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա շնորհավորեց հետախույզներին իրենց տոնի առթիվ՝ նշելով, որ նրանք ոչ միայն ուսումնավարժական պարապմունքների ընթացքում, այլև մարտական դրության ժամանակ կարողանում են իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել:
Անդրադառնալով ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների տարհանմանը՝ Ս. Օհանյանը ասաց, որ այդ ընթացքում հակառակորդի կողմից կազմակերպված ծուղակը ամբողջովին ոչնչացվել է ՊԲ զինծառայողների կողմից:
«Այն , ինչ կատարվել է Արցախում, նշված է Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ: Խոսելով հրամատարի հետ, իմացանք, որ հարևան Ադրբեջանի պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և մարդասիրական նորմերի համաձայն ուղղաթիռի և’ խոցումը և’ դրանից հետ համապատասխան միջոցառումների կատարումից հրաժարվելը ստիպել է ՊԲ ղեկավարությանը դիմել հատուկ գործողությունների: Նրանց զինծառայողների հմուտ գործողությունների արդյունքում դիտարկվել է ուղղաթիռի անկման վայրը, դուրս բերվել զինծառայողներից մեկի դին և մյուսների մասունքերը, և հետագայում ճիշտ հետաքննություն անցնելու համար ուղղաթիռի կարևոր մասերից մի քանիսը»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք պատասխան քայլե՞ր լինելու են, Ս. Օհանյանը ասաց, որ համապատասխան սադրանքի դեպքում պատասխան քայլեր միշտ լինելու են:
«Ցանկացած նման իրադրության ժամանակի առնվազն համաչափ պատիժ լինելու է հակառակորդին: Այս պարագայում առաջին գծում մենք խստացնելու ենք մեր ծառայությունը՝ դիտարկման, հայտնաբերման, խոցման միջոցառումները, բայց այն ուղղված է լինելու միայն այն մարդկանց ուղղությամբ, որոնք խախտելու են սահմանը: Հայ ժողովորդի մոտ ընդունված չէ կացնահարելը, դավադրություններ կազմակերպելը, պարզապես մենք արժանի, մի քիչ էլ ավելի խիստ պատասխան տալու ենք ցանկացած այսպիսի սադրանքին»,-ասաց նախարարը: