22/11/2014 09:48
Սոցապնախարարության վարչության պետի պաշտոնը 4 ամիս է՝ թափուր է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի պաշտոնը դեռևս թափուր է: Այն անհիշելի ժամանակներից զբաղեցնում էր «երկաթյա լեդին»` Լալա Ղազարյանը, որը 4 ամիս առաջ ազատման դիմում է գրել այժմ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել երեխաների հիմնահարցերով բաժնի պետ Լենա Հայրապետյանը:
«Հրապարակի» տեղեկություններով, Ղազարյանի հետագա պաշտոնավարմանը դեմ է եղել անձամբ Հովիկ Աբրահամյանը: Թե ինչու մինչ օրս չեն կարողանում այս «յուղոտ» պաշտոնի համար արժանի մեկին գտնել, հայտնի չէ: Ըստ ապարատի կուլիսային լուրերի` պատճառն այն է, որ Լալա Ղազարյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր աշխատատեղի կորստի հետ և փորձում է վերադառնալ: Համաձայն է անգամ պաշտոնի անվանափոխությանը կամ ավելի ցածր կարգավիճակի, միայն թե վերադառնա:
Աշխատանքի և սոցապնախարարության մամուլի պատասխանատու Անուշ Դանիելյանը այս թեմայով նշել է. «Մրցույթ դեռ չի հայտարարվել, իսկ ուշացման մասին պնդելը ճիշտ չէ, քանի որ օրենքով հստակ ժամկետ սահմանված չէ»: