22/11/2014 09:33
Րաֆֆի Հովհանիսյանը միայնակ հավաք հրավիրելով, ըստ էության, դուրս է գալիս Եռյակից
«168 Ժամ» անդրադարձել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ լրագրողների հետ երեկվա հանդիպմանն ու գրել է. «Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը ուղղակի չի ասում, սակայն նրա հայտարարությունից պարզ է դառնում, որ «Ժառանգությունը» Եռյակին առաջարկել է համատեղ հռչակագիր ստորագրել պայքարի համատեղ նպատակների և սկզբունքների վերաբերյալ, առաջարկել է նոյեմբերին հանրահավաք անցկացնել, բայց քանի որ այս առաջարկները եռյակի մյուս երկու կուսակցությունների կողմից մերժվել են, ինքը ինքնուրույն գործելու որոշում է կայացրել:
Րաֆֆի Հովհանիսյանը հասկանում է, որ միայնակ հրավիրելով քաղաքական հավաք, ինքն, ըստ էության, «Ժառանգությունը» դուրս է դնում եռյակից: Բնականաբար, չի կարելի ակնկալել, որ եռյակի մյուս երկու կուսակցությունները կարող են հայտարարել, որ նրանք միանում են Հովհաննիսյանի հրավիրած հավաքին, քանի որ նրանք մշտապես հայտարարել են, որ հանրային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումները ընդունվում են համատեղ: Բացի դա չափազանց ինտրիգային է Հովհաննիսյանի հավաքի կարգախոսը` «Հիմա ժամն է. ով որ քաջ է, թող միանա»:
Ստացվում է, որ նրանք, ովքեր չեն միանա այդ հավաքին, որի նպատակը «Անհապաղ և ամբողջական իշխանափոխությունն է»՝ Հովհաննիսյանը հռչակում է վախկոտներ: Միթե այսքանից հետո կարելի է ակնկալել, որ եռյակի մյուս անդամները կցանկանան համագործակցել «Ժառանգության» հետ:
Ճիշտ է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 5-ի հավաքը հրավիրում է ոչ թե «Ժառանգության», այլ անձամբ իր անունից, բայց այդ նույն ժամանակ նրա կողքին կանգնած էին կուսակցության վարչության մյուս անդամները, այդ թվում և եռյակի հետ բանակցող Ռուբեն Հակոբյանը և Արմեն Մարտիրոսյանը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: