22/11/2014 15:52
Փաստաբան. Լեյլա Յունուսի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է
Ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբան Էլչին Գամբարովը հայտարարել է, որ վերջին օրերին կտրուկ վատթարացել է Լեյլա Յունուսի առողջական վիճակը:
Contact.az-ի փոխանցմամբ՝ Գամբարովը նշել է, որ Յունուսի մոտ սկսվել է լյարդի քայքայման գործընթաց, նկատվում են ճնշման տատանումներ, ինչը թերսնվելու արդյունք է:
Յունուսը այդ ընթացքում կորցրել է 10 կգ: Յունուսը տառապում է շաքարախտով, իսկ հուլիսին ձերբակալվելուց հետո նա համապատասխան բուժօգնություն չի ստացել: Լեյլա Յունուսը և նրա ամուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսության մեջ:
Հիշեցնենք, որ մինչ այդ ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբան Խալիդ Բագիրովը հայտարարել էր, որ իրեն զրկել են Յունուսին պաշտպանելու հնարավորությունից: Բագիրովը նշել է, որ իրեն չեն թողել Յունուսի մոտ՝ Բաքվի թիվ 1 մեկուսարան: Մինչ այդ, հեռացվել էր Յունուսի մեկ այլ դատապաշտպան Ջավադ Ջավադովը:
Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը հայտարարել էր, որ չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիայի նախագահն Իլհամ Ալիևից պահանջել է ազատել իրեն, դա ոչ միայն տեղի չի ունեցել, այլ իրեն զրկել են փաստաբանից:
Յունուսը նշել էր, որ իր փաստաբանը ապացուցել է, որ չկան որևէ ապացույցներ լրտեսության հետ կապված, իսկ իր կալանքի տակ գտվելու ողջ ժամանակահատվածում իրեն ոչ մի անգամ քննիչներ չեն այցելել:
Իրավապաշտպանը հայտարարել էր նաև, որ իրեն զրկել են փաստաբանից Փարիզում նախագահների հանդիպման հաջորդ օրը: Նրա խոսքով՝ իր մյուս փաստաբանին՝ Ալաիֆ Հասանովին դատապարտել են, որ նա ԶԼՄ-ների է փոխանցել իր նկատմամբ բանտում կիրառվող կտտանքների մասին տեղեկատվությունը:
Յունուսը դիմել էր լրագրողներին, իրավապաշտպաններին և բոլոր նրանց, ովքեր իրեն և Արիֆին ճանաչում են: Ըստ նրա, փարիզյան հանդիպումից հետո Արիֆ Յունուսի կալանքի ժամկետը նույնպես երկարաձգել են մինչև 05.03.2015թ.-ը:
Իրավապաշտպանը կոչ էր արել չլռել, օգնել իրեն, քանի որ ներքին ցավը իր մոտ այնքան մեծ է, որ այն հնարավոր չէ մեղմացնել նույնիսկ հաբերի օգնությամբ: