22/11/2014 11:30
Փորձաքննությունների Ազգային Բյուրոն հայց չի ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ
Ապատեղեկատվություն է, որ «Փորձաքննությունների ազգային բյուրոն» Երևանի քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով վճարել 29 հազար 400 դրամ պարտքը: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ- մամուլի բաժնից:
Նշենք, որ մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն այս տարվա օգոստոսի 11-ին դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ պահանջելով քաղաքապետարանին պարտավորեցնել վճարելու իր պարտքը՝ 29 հազար 400 դրամ:
«Այդ ինֆորմացիան կոնտեքստից հանված է և կարող է ապատեղեկացնել ընթերցողին, քանի որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն այդ նպատակով հայցադիմում չի ներկայացրել դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի գումար բռնագանձելու պահանջով, այլ հարցը կանոնակարգելու նպատակով դատարան է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի միջոցով երրորդ անձի պարտավորության կատարման (չկատարման) հետևանքով ստեղծված իրավիճակում վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում՝ նպատակ ունենալով լուծել վճարման հարցը (համաձայն դատարանի թիվ ԵԿԴ/2459/03/14 վճռի)։ Վերջինս, սակայն, մերժվել էր և կազմակերպությունը, փաստորեն, հարկադրվել էր նախապատրաստել հայց։ Մինչև օրս, մինչդեռ, Երևանի քաղաքապետարանի դեմ նման հայց չի ներկայացվել։
Դատարան հայցադիմումներ Փորձաքննությունների Ազգային Բյուրոյի կողմից ներկայացվում են, երբ սպառվում են հնարավոր բոլոր միջոցները։ Մինչ այդ, առկա պրակտիկայի համաձայն, իրականացվում են համապատասխան բանակցություններ՝ դատական որոշումների հիման վրա կատարված փորձաքննությունների դիմաց վճարները ստանալու նպատակով, ինչը և ներկայումս ընթացքի մեջ է»,-հայտնեցին լրատվական բաժնից:
Նշենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դիմումը ստացվել է այս տարվա օգոստոսի 11-ին: