24/11/2014 16:40
Սաքունց. Զորակոչիկները պետք է ապահովվեն համալիր բժշկական զննությամբ
Զորակոչիկների բժշկական զննության իրականացման ժամանակ արդեն շարունակական բնույթ կրող համակարգային խնդիրները մտահոգիչ են, որոնք, չնայած բազմաթիվ ահազանգերին՝ լուծում չեն ստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Ա. Սաքունցը ներկայացրեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կատարված 2013 թ. ձմեռային և 2014 թ. ամառային զորակոչերի ժամանակ արձանագրված խախտումների ուսումնասիրությունը:
Նրա խոսքով՝ այս եզրակացությանը իրենք եկել են զորակոչիկների և նրանց հարազատների կողմից ստացված դիմումների հիման վրա:
Մասնավորապես, նա ասաց, որ Պաշտպանության նախարարի հրամանը, որով սահմանվում է բժշկական զննության կարգը, պետք է սահմանվի օրենքով, ոչ թե իրավական ակտով:
«Իրավական ակտի կիրառումը բերում է բավականին լուրջ խնդիրների»,- ասաց նա:
Ա. Սաքունցը նշեց նաև մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես, բժշկական եզրակացության ակտի իրավական բողոքարկման մեխանիզմի բացակայությունը, զորակոչիկների բժշկական համալիր զննություն և այլն:
«Երբեմն ծնողները հրաժարվում են բողոքարկել, երբ խնդիրների առկայության դեպքում երեխաներին ծառայության են ուղարկում, մտածելով, որ, հնարավոր է, ծառայության ժամանակ ճնշումներ գործադրվել իրենց երեխաների նկատմամբ»,-ասաց նա, նշելով, որ եթե կան բողոքներ, որոնք քննության ընթացքում են, անձը չպետք է զորակոչվի, թեև ՊՆ-ն գտնում է, որ բողոքները կարող են քննարկվել նաև ծառայության ընթացքում:
Ա. Սաքունցը ասաց, որ պետք է զորակոչիկներն ապահովվեն համալիր բժշկական զննությամբ, այլ ոչ թե գանգատների հիման վրա տրվի եզրակացություն և միայն տվյալ պահի առողջական վիճակի գնահատմամբ առաջնորդվելը սխալ է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը նշեց, որ 2 զորակոչերի ընթացքում իրենց դիմել են 26 հոգի, որից 23-ի խնդիրը կապված է եղել նրանց տրված բժշկական եզրակացությանը ունեցած անհամաձայնության հետ:
Նրա խոսքով՝ ներկայացված դիմումներից 11-ի դեպքում անձանց խնդիրները բավարվել են բանավոր խորհրդատվությամբ, 15-ի դեպքում ցույց են տվել իրավական աջակցություն, որի արդյունքում 1 հոգի ազատվել է ծառայությունից առողջական վիճակի հիմքով, 7-ի դեպքում տարկետում է տրվել: