24/11/2014 16:08
«ԵՏՄ անդամակցելով՝ ո՞ւր ենք գնում, ի՞նչ ձեռքբերումներ ենք ունենալու և ի՞նչ խնդիրների ենք առնչվելու»
«Հունվարի երկուսից չի գործի մեր Մաքսային օրենսգիրքը: Մինչ այս պահը չի նշվել, թե ինչ ռիսկեր են սպասվում մեզ` նկատի ունեմ ՌԴ նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների հանգամանքը. Խնդիրները շատ են ու մենք ոչ ադեկվատ քայլ ենք անում այսօրվա զարգացող աշխարհում»,- ԱԺ-ում ընթացող ԵՏՄ պայմանագրին միանալու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
«Այսօր ռուսական ռուբլին գահավիժում է դեպի ներքև և եթե ցանկացած տնտեսավարող այս անդամակցությունից հույս ուներ 25-30 տոկոս եկամուտ ստանար, ապա այսօր դա անհնար է: Եվ նոր տարվա շեմին մեր գինեգործներն ու կոնյակագործները հրաժարվել են ապրանք արտահանել Ռուսաստան, որովհետև հայտնի չէ, թե ուր է գնում ռուսաստանյան տնտեսությունը»,- ասաց նա:
Շարունակելով խոսքը՝ նա ասաց, որ առաջին հերթին կարևոր է անվտանգության բաղադրիչը, բայց անձամբ ինքը այս պայմանագիրը համարում է ոչ թե հնարավորություն, այլ՝ մեծ մարտահրավեր Հայաստանի ու Հայաստանի տնտեսության համար, քանի որ հարց է առաջ գալիս` ինչպե՞ս ենք պատկերացնում, որ միջազգային ինչ-որ ընկերություն ցանկություն հայտնի այս տարածքում ներդրում անել, որի ապագան խիստ մշուշոտ է:
«Այստեղ Ռուսաստանին դեմ-կողմ լինելու խնդիր չէ և անհեթեթ է այդ մոտեցումը: Այստեղ հարցը նրանում է, թե ո՞ւր ենք գնում, ի՞նչ ձեռքբերումներ ենք ունենալու և ի՞նչ խնդիրների ենք առնչվելու»,- ասաց նա: