24/11/2014 17:12
Բաթումում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան գործարար համաժողովը
Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարության ու Azpromo-ի աջակցությամբ Բաթումում դեկտեմբերի 5-ին կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան գործարար 5-րդ համաժողովը:
APA գործակալության փոխանցմամբ, համաժողովին մասնակցելու են երեք երկրների պաշտոնյաները և գործարար շրջանակների ներկայացուցիչները:
Համաժողովի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ գործարարների միջև:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի և Անկարայի ռազմավարական հարաբերությունները վերջին շրջանում նոր վերելք են ապրում, ինչին նպաստում է Վրաստանի՝Թուրքիան և Ադրբեջանը կամրջող, էներգետիկ-կոմունիկացիոն շղթաներով կապելու նոր դերը: Էներգետիկ համագործակցության առումով, այս պահին գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (2013թ.-ին նավթամուղով արտահանվել է 29.7 միլիոն տոննա ադրբեջանական նավթ), Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը (օրեկան 12.5 միլիոն խմ գազ), ինչպես նաև` երեք երկրների էներգետիկ համակարգերը միավորող՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամուրջ կոչվող նոր ծրագիրը, որի շնորհիվ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով կարտահանվի Թուրքիա և այնտեղից Եվրոպա:
Թուրքիան սկսել է Չիլդիր/Աքթաշ նոր սահմանային անցակետի շինարարությունը, իսկ Վրաստանն էլ իր հերթին կարդիականացնի Կարցախի անցակետը իր տարածքում: Թուրքիայի և Վրաստանի ապրանքաշրջանառությունը 2013 թ.-ի արդյունքներով հասել է 1.37 միլիարդ դոլարի, իսկ Ադրբեջանի և Վրաստանի՝ 1.19 միլիարդ դոլարի: Այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի առաջին և երկրորդ առևտրային գործընկերներ են:
«Silk Wind» ծրագրի շրջանակներում «Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա» ուղղությամբ նոր տրանսպորտային ուղու կյանքի կոչման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի շահագործումից առաջ: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի զարգացման և ներդրումների նախարարության տրանսպորտային հանձնաժողովի նախագահ Ասետ Ասավբաևը:
Նրա խոսքով, Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի միջև տարանցիկ երկաթգծային և ծովային փոխադրումների մասին համաձայնագրերը արդեն իսկ համաձայնեցվել են Վրաստանում և Ղազախստանում: Այդ փաստաթուղթը այժմ ներպետական քննարկումների փուլում է Ադրբեջանում և Թուրքիայում:
«Silk Wind» նախագիծը թույլ կտա Չինաստանից դեպի Եվրոպա արտահանվող ապրանքների տեղափոխման ժամկետները 35 օրից կրճատել մինչև 12-14 օր:
Տարեկան նախատեսվում է Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ արտահանել մինչև 10 միլիոն տոննա ապրանք: Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքիան և Վրաստանը «Silk Wind» նախագծի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել են դեռևս 2012թ.-ին: