24/11/2014 13:46
Բյուրեղավանի գիշերօթիկի գործով նախաքննական մարմնի անգործության վերաբերյալ բողոքը կքննվի այսօր
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը կիրականացնի ՀԿԳ վարչությանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
Հիշեցնենք, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում ֆինանսական չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի (Յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով:
Ավելի վաղ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ Գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին: Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես էին եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան: Բայացահայտվել էին նաև սննդի պահման պայմանների խախտումներ:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասաց, որ այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ժամը 14:00-ին, նշանակված է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում հայտնաբերված անօրինությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը պատշաճ քննության չենթարկելու, գործի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն չիրականացնելու և դատախազական պատշաճ վերահսկողություն չիրականացնելու մասին դիմումի քննությունը:
Նրա խոսքով՝ նախաքննության ընթացքում մինչև օրս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ինչպես նաև չեն հարցաքննվել գործին անմիջական առնչություն ունեցող պաշտոնատար անձինք:
«Այսօր քննիչը և դատախազը պետք է բացատրեն, թե ինչո՞վ է պայմանավորված այս 7 ամսվա անգործությունը: Միգուեց այսօր հայտնեն, որ մեղադրանք է առաջադրվել որևէ անձի, ինչպես նաև տրամադրեն գործի նյութերը»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ այն հանգամանքը, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը շարունակում է պաշտոնավարել, կարող է խոչընդոտել գործի օբյեկտիվ քննությանը:
«Ֆ. Բերիկյանը 3 անգամ եղել է դպրոցում և որևէ խախտում չի նկատել, թեև մեր հետ զրույցում գիշերօթիկի աշխատակիցները պատմել են, որ դպրոցում տեսել են միայն մոտ 30 աշխատակիցների, սակայն աշխատավարձ դուրս է գրվել ավելի քան 70 հոգու համար: Եվ խոսքը միայն այդ դպրոցը չէ, մեր բյուջեի զգալի մասը այդ նախարարության միջոցով հատկացվում է նման դպրոցներին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել նաև այդ դպրոցի ուսուցիչների կողմից երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում էր.
«Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին: Կիսաբաց դռնից հետևելով պարապմունքին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան: Երեխաները վախենում են տնօրինությունից և միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բայացահայտվել են նաև սննդի պահման պայմանների խախտումներ:
Այս ամենը բացահայտվել է Մարդու իրավունքների պաշտպանի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) կողմից, որը ստեղծվել է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դրսևորումները կանխելու նպատակով:
Ի դեպ, նախորդ այցելությունների ընթացքում, Օմբուդսմենի ներկայացուցիչների կողմից հաստատության տնօրենին բազմաթիվ անգամ զգուշացվել է ժամկետանց սննդի չօգտագործման, սննդի պահման պայմանների ապահովման և այլ խնդիրների շտկման անհրաժեշտության մասին»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված այցելել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հրամանով «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գայանե Մարգարյանը ազատվել էր աշխատանքից` հաշվի առնելով երեխաների խնամքի և պաշտպանության աշխատանքներում արձանագրված թերությունները, կոլեկտիվում ստեղծված անառողջ մթնոլորտը, պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ իրականացումը:
Նախարարի մեկ այլ հրամանով` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն:
Նախորդող հրապարակում՝ Բյուրեղավանի դպրոցի ֆինանսական չարաշահումների առթիվ հարուցվել է քրգործ
ՄԻՊ. Վայրի վերաբերմունք երեխաների նկատմամբ՝ Բյուրեղավանի գիշերօթիկում