24/11/2014 18:19
Գորիսի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել
Սյունիքի մարզի դատախազությունն արձագանքելով Գորիսի նախկին քաղաքապետի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին, հանձնարարել է նյութեր նախապատրաստել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախաքննությամբ պարզվել է, որ Գորիսի նախկին քաղաքապետ Ն. Ոսկանյանն իր պաշտոնավարման ընթացքում (2000-2014թթ.) հանդիսանալով պաշտոնատար անձ՝ չարաշահել է իր լիազորությունները` կեղծ աճուրդների միջոցով, ապօրինի հողահատկացումներ կատարելով իր և իր ընտանիքի անդամների անուններով:
Ն. Ոսկանյանը, շահույթ ստանալու նպատակով հիմանդրել է շինարարական ընկերություն, որի ղեկավարումը ևս իրականացրել են այդ ժամանակահատվածում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Ոսկանյանի հարազատները: Ի դեպ, հենց այդ ընկերության հետ կնքվել են համայնքի կարիքները հոգալու պայմանագրեր, որոնցով նախատեսված գործառույթների ոչ պատշաճ կատարման արդյունքում համայնքի շահերին պատճառվել է էական գույքային վնաս:
Նելսոն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 308 հոդվածի 1-ին մաս (յոթ դրվագ) և 310 հոդվածներով: