24/11/2014 18:09
Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում սկսվել է զոհված օդաչուների հոգեհանգստի արարողությունը
Երևանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը:
Հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու համար եկեղեցու մուտքի մոտ մարդկային մեծ հերթ է գոյացել: Եկեղեցի են եկել զոհված օդաչուների հարազատներն ու ընկերները, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքացիներ:
Ժամը 18:30-ին Սուրբ Սարգիս եկեղեցի կայցելեն նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին տեղի կունենա սգո միտինգ Եռաբլուրում և հուղարկավորություն՝ զինվորական արարողակարգով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խփվել էր նոյեմբերի 12-ին: ԼՂՀ զինված ուժերը դիմել են հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: