24/11/2014 13:38
Զ. Փոստանջյան. Ի՞նչ է լինելու Հայաստնի և Արցախի հետ, երբ պուտինյան ավանտյուրան քանդվի
Ռուսաստանի տնտեսությունը մոտ է կոլապսի և հնարավոր է շուտով ականատեսը լինենք, թե ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ը քանդվեց, այնպես էլ ՌԴ-ն քանդվի: Դուք ունե՞ք սցենարներ, որ դա կարող է տեղի ունենալ մեկ-երկու տարվա ընթացքում, և այդ դեպքում ո՞րն է լինելու Հայաստանի և Արցախի ապագան, երբ պուտինյան այս ավանտյուրան չիրականանա: ԱԺ-ում ընթացող «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման հարց հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հայաստանի իշխանությունները, շարունակեց խոսքը նա, մերժել են եվրաինտեգրումը և մենք, փաստացի, չունենք ինքնուրույն տնտեսական օրակարգ.
«Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանի տնտեսությունը քանդվի, առավել ևս, որ այդ երկրում էլ կան ուժեր, որոնք կողմնակից են եվրաինտեգրման»,- հավելեց իր հարցը ընդդիմադիր պատգամավորը:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ի պատասխան ասաց, որ հոռետեսն ավելի տեղեկացված լավատեսն է, իսկ ինքը լավատես է, քանի որ ավելի տեղեկացված է:
«Այո, կան այդ ծայրահեղ սրման ու բևեռացման կողմնակիցները, բայց իրականում ապագան բևեռացումը չէ: Կա ԵՄ-ն իր ահռելի շուկայով, կա ԵՏՄ` իր շուկայով: Հայաստանի քաղաքականությունը միշտ եղել է համագործակցության և ոչ թե բևեռացման ուղղությամբ և մեր ամբիոններից չպետք է դա քարոզենք»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Ինչպե՞ս կարող է Հայաստանն անդամակցել ԵՏՄ-ին, որի անդամները զինում են մեր հակառակորդին