24/11/2014 12:27
Զդիսլավ Ռաչինսկի. Ադրբեջանը և Հայաստանը դատապարտված են խաղաղության
«Ռազմական բնագավառում մեր երկրների համագործակցությունը ենթադրում է տեխնիկական մաս: Լեհաստանը հավատարիմ է իր դիրքորոշմանը և ղարաբաղյան հակամարտության գոտի զենք չի մատակարարում, իսկ «Լյուբավա Արմենիա» գործարանի գործարկումը Չարենցավանում ունի պաշտպանական նպատակներ և այդ գործարանի սեփականատեր է համարվում ՀՀ պաշտպանության նախարարությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Նա նշեց, որ Լեհաստանը ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է կողմերի խաղաղ երկխոսության մեջ:
«Լեհաստանը աջակցում է Մինսկի խմբին և այն սկզբունքներին, որոնք այսօր առկա են և որոնք ենթադրում են հետագայում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրում: Ցանկացած տեսակի լարվածություն, որը կարող է տեղի ունենալ հակամարտող կողմերի շփման գծում, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանությունը չի ծառայում հակամարտության խաղաղության հաստատմանը և հետագա լուծմանը»,- ասաց դեսպանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը և Հայաստանը դատապարտված են խաղաղության, քանի որ Ադրբեջանը և Հայաստանը աշխարհագրությունը չեն կարող փոխել:
«Այսօր անհրաժեշտ է դաստիարակել խաղաղության պատրաստ հասարակութուն: Չէ որ հենց ԵՄ-ի էությունը սկիզբ է առել Ածխի և պողպատի միությունից»,-նշեց Զ. Ռաչինսկին
Նրա խոսքով՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ մեխանիզմը Մինսկի խումբն է, և Հայաստանը հետաքրքրված չէ այդ ձևաչափի փոփոխությամբ:
«Պետք չէ ծայրահեղականության մեջ ընկնել և գերագնահատել Մինսկի խմբի հնարավորությունները: Կողմերի միջև պետք է լինի խնդրի կարգավորման պատրաստակամություն»,- ասաց դեսպանը: