24/11/2014 11:18
Զդիսլավ Ռաչինսկի. Հայաստան-ԵՄ երկխոսությունը առկա է և այն շարունակվելու է
«Հայ-լեհական հարաբերություններում այս տարիներին գրանցվել են որակական փոփոխություններ: Լեհաստանը եղել է եվրոպական այն երկիրը, որի հետ Հայաստանը ունեցել է ամենաբարձր քաղաքական մակարդակի հարաբերություններ»,-ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Այս տարիների ընթացքում, շարունակեց խոսքը դեսպանը, Լեհաստանը ավելի հասկանալի և մոտ դարձավ Հայաստանի համար, և հայերը ըմբռնում են կարևորագույն հարցերում լեհական դիրքորոշումը:
«Ես ավելի զգույշ գնահատական կտայի Հայաստան-ԵՄ հարաբերություններին և չեմ թաքցնում, որ այս տարիներին ես հույս ունեի՝ Հայաստանը կդառնա ԵՄ-ի ասոցացման անդամ: Հայաստան-ԵՄ երկխոսությունը առկա է և այն շարունակվելու է, ուղղակի այժմ պետք է գտնել այդ երկխոսության նոր ձևաչափ»,-նշեց Զ. Ռաչինսկին
Լեհաստանը, դեսպանի խոսքով, ջատագովն է Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը և Լեհաստանը եղել է Արևելյան գործընկերության նախաձեռնողը և շարժիչ ուժը:
Զդիսլավ Ռաչինսկին ասաց, որ Լեհաստանը ըմբռնումով է մոտենում այն որոշումներին, որ կայացնում է Հայաստանը և ԵՄ-ի հետ ասոցացումը Հայաստանի համար ավելի լայն հնարավորություններ էր բացում ու դա հռչակվում էր նաև ՀՀ իշխանությունների կողմից:
«Հուսով եմ, Հայաստանը դառնալով այլ ինտեգրացիոն միության անդամ, նույնպես առաջընթաց կգրանցի, և ես դա եմ ցանկանում Հայաստանին ու հայ ժողովրդին»,,- եզրափակեց խոսքը դեսպանը: