24/11/2014 18:43
Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները երկարացվեցին մինչև 2015թ. հուլիսի 1-ը
Իրանի միջուկային խնդրի շուրջ 7 օր տևած բանակցություններն ավարտվեցին առանց վերջնական համաձայնության: Այդ մասին հաղորդում է իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքը:
Հաղորդագրության համաձայն՝ Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ներկայացուցիչները Վիեննայում 7 օր տևած լարված բանակցություններից հետո, ի վերջո, որոշում են կայացրել բանակցությունները երկարացնել մինչև 2015 թ. հուլիսի 1-ը (իրանական թիր ամսվա 10-ը):
Կողմերի որոշմամբ՝ հաջորդ բանակցությունները կսկսեն արդեն մի քանի շաբաթ անց:
Նկատենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը: