24/11/2014 10:09
Սահմանապահ զորամասի հրամանատար. Եթե պատերազմ են ուզում, քթներին կկպնի
Վերջին օրերին հակառակորդը որոշակի չափով փորձում է լարվածություն ստեղծել, ոչ ադեկվատ պահել իրեն, բայց իրավիճակը լիովին վերահսկվում է, մեր դիրքապահերն իրենց տեղում են: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հյուսիսարևելյան ուղղության սահմանապահ N զորամասի հրամանատար Սամվել Մինասյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակին:
«Թուրքը մնում է թուրք»,- այս բառերով հրամանատարը բնորոշեց ուղղաթիռի նկատմամբ ադրբեջանական սադրանքը՝ շարունակելով. «Հակառակորդը օգոստոսյան դեպքերի ժամանակ լուրջ պատժվել էր և, ըստ երևույթին, դրա պատճառով էլ նրանք դիմեցին այս ստոր քայլին: Իսկ վարժանքերի դուրս եկած ուղղաթիռ խոցելը, իսկապես, ստորություն է, առնվազն կարելի է դիտարկել ագրեսիա»:
Հրամանատարը նշեց, որ իրենց վերահսկած ուղղությամբ իրականացված դիտարկումների արդյունքում հակառակորդի բոլոր շարժերը հայտնաբերվում են և զեկուցվում:
«Բնակավայրերի ուղղությամբ այստեղ արտառոց դեպքեր չեն գրանցվել»,- ասաց Ս. Մինասյանը:
Նա ընդգծեց, որ եթե հակառակորդը նման ագրեսիվ քայլերի ճանապարհով է ցանկանում գնալ, ապա ՀՀ ԶՈՒ-երը կարող են շատ ու շատ նման քայլեր անել:
«Իրենց ուզածը… Եթե պատերազմ են ուզում, քթներին կկպնի, պետք չի»,- ամփոփեց խոսքը հրամանատարը: