24/11/2014 15:08
Վարդան Այվազյանը՝ Զարուհի Փոստանջյանին. Պորտից ներքև, ասել եմ, չիջնեք
Ակնհայտ է, որ ԵՏՄ-ն քաղաքական օրակարգ է, որը ծնվել է ի հակադրություն ԵՄ-ին: Այս մասին ԱԺ-ում ընթացող ԵՏՄ պայմանագրին միանալու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Իշխանությունները, նրա խոսքով, փորձում են համոզել, թե ԵՏՄ-ին միանալով՝ Հայաստանում դրախտ է լինելու, բայց.
«Ես հակառակն եմ ուզում ասել. ես համոզմունք ունեմ, որ դա դրախտ չէ»,- ասաց նա՝ հիմնավորելով ասածն այն խնդիրներով, որ առկա են մասնավորապես Ռուսաստանում` արտագաղթ, անվտանգության խնդիրներ Հյուսիսային Կովկասում, ինչը սպառնում է նաև մեզ, ճչացող բևեռացում օլիգարխների և քաղաքացիների միջև և այլն. «Ռուսստանը ոչ միայն այլ պետությունների համար է դարձել չարիք, այլև՝ հենց իր պետության համար»:
Զ. Փոստանջյանը հորդորեց ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել ԵՏՄ պայմանագրին, քանի որ այդպիսով իրենք գոնե զերծ կմնան «Սերժ Սարգսյանի կողմից իրականացված դավաճանությանը մաս կազմելուց»:
Այս հայտարարությունը, սակայն, դուր չեկավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին:
«Քեզ մի քիչ կոռեկտ պահեք տիկին Փոստանջյան»,- նախ ասաց նա, բայց դավաճանություն բառը լսելով` բորբոքվեց.
«Պորտից ներքև ասել եմ չիջնեք.... ես էլ եմ կողմ քվեարկելու, ես դավաճա՞ն եմ»,- հայտարարեց նա:
Լսումներին ներկա պատգամավորները սկսեցին տեղերից ռեպլիկներ անել, իսկ ելույթի համար ձայն վերցրած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նկատեց.
«Ինչ տխուր կլիներ, եթե 2013 թ.-ին նախագահ ընտրվեր Րաֆֆի Հովհաննիսյանը....»:
Նախորդող հրապարակում՝ Զ. Փոստանջյան. Ի՞նչ է լինելու Հայաստնի և Արցախի հետ, երբ պուտինյան ավանտյուրան քանդվի