24/11/2014 16:39
Վրաստանը կանգնած է Աբխազիան ընդմիշտ կորցնելու վտանգի առջև
Այսօր Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան ստորագրելու են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին նոր պայմանագիրը, որը Մոսկվայի և Սուխումի միջև փոխհարաբերությունները բարձրացնելու է որակական նոր մակարդակի:
Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ նոր պայմանագիրը երկարաժամկետ կտրվածքով կապահովի Աբխազիայի անվտանգությունը և նրա բնակչության բարեկեցությունը:
Նոր պայմանագիրը ենթադրում է Աբխազիայի և Ռուսաստանի միջև սոցիալական, տնտեսական փոխհարաբերությունների ընդլայնում, ինչպես նաև Աբխազիայի անդամակցում Ռուսաստանի կողմից ստեղծված ինտեգրացիոն կամ այլ կառույցներին: Պայմանագրի ամենակարևոր պահը վերաբերվում է համատեղ պաշտպանության մասին կետին, ըստ որի, կողմերից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում մյուս կողմի վրա:
Ռուս-աբխազական նոր պայմանագրի այդ կետը հիշեցնում է ՀԱՊԿ-ի պայմանագրի 4-րդ կետը՝հարձակում անդամ-պետություններից որևէ մեկի վրա նշանակում է հարձակում բոլորի վրա կամ համարժեք պայմանավորվածությունները, որոնք գործում են ՆԱՏՕ-ի շրջանակներում: Բացի այդ, կողմերը ստեղծելու են միասնական բանակային զորամիավորում ագրեսիան հետ մղելու համար: Մոսկվան ստանձնում է երեք տարվա ընթացքում աբխազական բանակը արդիականացնելու պարտավորություն: Աբխազիան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ոչ մի կարգավիճակով չի վերադառնալու Վրաստանի կազմ, իսկ նոր պայմանագրով Թբիլիսին անգամ ռազմական ճանապարհով չի կարող այն վերադարձնել իր կազմ:
Վրաստանի իշխանությունները արդեն իսկ բացասաբար են արձագանքել այդ պայմանագրին և միջազգային հանրությանը կոչ են արել թույլ չտալ դրա իրականացումը: Փաստորեն Ռուսաստանը ստանձնում է Աբխազիայի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորի դերը և դրանով փակում է Վրաստանի ճանապարհը երբևէ ռազմական ճանապարհով հետ բերել Սուխումին իր կազմ: Այս պահի դրությամբ Աբխազիայում՝Գուդաուտա և Օչամչիրա քաղաքներում են տեղակայված ռուսական ռազմաբազաները, իսկ աբխազա-վրացական սահմանը հսկում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը սահմանապահ ուժերը:
Բացի այդ, Օչամչիրայի նավահանգստում են տեղակայված Անվտանգության դաշնային ծառայության ռազմանավերը, որոնք պաշտպանում են Աբխազիայի ծովային սահմանները և ուղեկցում աբխազական նավերը չեզոք ջրերում՝վրացական ռազմանավերից պաշտպանելու համար: Նոր պայմանագիրը ենթադրում է նաև Աբխազիայի բնակչության համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հեշտացված կարգի ներմուծում:
Ռուսաստանի ռազմական դոկտրինը նաև ենթադրում է Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող իր քաղաքացիներին զենքի ուժով պաշտպանելու հնարավորություն: Տեղեկություն կա, որ ռուսական ընկերությունները արդիականացնելու են Սուխումի օդանավակայանը, ինչպես նաև Սոչիի ու աբխազական քաղաքների միջև ծովային հաղորդակցություն է հաստատվելու: Այս պահին էլեկտրագնացք է գործում Ադլերի և Սուխումիի միջև:
Այսպիսով, ռուս-աբխազական նոր պայմանագրով Ռուսաստանը մեծացնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ստանձնում Աբխազիայի պաշտպանությունը, ինչը «արգելք» է հանդիսանալու հետագայում Թբիլիսիի կողմից Աբխազիան զենքով հետ բերելուն, ինչպես նաև ճանապարհ բացում ռուսական կապիտալի Աբխազիայում ամրապնդվելու և Աբխազիան ԵՏՄ-ին անդամակցելու ճանապարհին:
Ինչ վերաբերվում է Հայաստանին և նրա շահերին, ապա Երևանին ձեռնտու չէ ռուս-վրացական նոր սրացումները Աբխազիայի պատճառով, քանի որ թե Աբխազիայում և թե Վրաստանում հայերը մեծաթիվ են և կապող դեր են խաղում հայ-վրացական և հայ-աբխազական հարաբերություններում:
Ինչ վերաբերվում է աբխազական երկաթգծի թեմային, ապա ռուս-վրացական այս նոր սրացումը փակում է երկաթգծի վերագործարկման հնարավորությունը, քանի որ Աբխազիան կարծես թե լիովին՝տնտեսապես, քաղաքականապես և ռազմականապես ենթարկվելու է Մոսկվային, իսկ այս պայմաններում Թբիլիսին չի ցանկանա լրացուցիչ հնարավորություններ ընձեռնել Սուխումին կամ Մոսկվային:
Ռուս-աբխազական նոր պայմանագրի ստորագրումից հետո ռուս-վրացական հարաբերությունները բավականին երկար ժամանակով «սառեցվելու» են և կողմերը գնալու են կոշտ հայտարարությունների և քննադադատության: Այս պարագայում կառուցողական քննարկում աբխազական երկաթգծի վերագործարկման մասին դժվար է ակնկալել: