24/11/2014 11:51
Տեսողության խնդիրներ ունեցող 20-ամյա Սասունը կարող է հեռացվել բուհից ուսման վարձի պատճառով
Տեսողության խնդիրներ ունեցող 20-ամյա Սասուն Մարգարյանը ուսման վարձի պատճառով առաջին կուրսից կարող է հեռացվել Ճարտարապետության և Շինարարություն Հայաստանի Ազգային Համալսարանի Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա բաժնից:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նրա հայրը՝ Արիստակես Մարգարյանը, ասաց, որ որդին ավարտել է Երևանի տեսողության խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը: Դպրոցից հետո ծառայել է Շամշադինի Բերդ քաղաքում: Վերադառնալուց հետո որոշել է դառնալ ծրագրավորող, սակայն ընտանիքը գումար չունի նրա ուսման վարձը վճարելու համար:
Ա. Մարգարյանը, ով չնայած կույր լինելուն՝ ավելի քան 15 տարի լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատում նույն դպրոցում, ասաց, որ իրենց ընտանիքում այժմ միայն ինքն է աշխատում և դժվարությամբ կարողանում են հոգալ ընտանիքի ծախսերը:
«Տղաս նորմալ հաճախում է դասերին, սակայն մինչև դեկտեմբերի 10-ը, եթե չվճարվի նրա 1-ին կիսամյակի ուսման վարձը՝ 210.000 դրամ, նրան կհեռացնեն բուհից»,-ասաց Ա. Մարգարյանը:
Նրանց հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 055-155-404 կամ 055-826-767 հեռախոսահամարներով: