25/11/2014 12:55
2015 թ-ի բյուջեի հիմնական ցուցանիշները` նախորդ տարիների համեմատությամբ
2015 թ-ի բյուջեն իր կառուցվածքով, ծախսերի և եկամուտների հարաբերակցությամբ, կարելի է ասել, շարժվում է նախորդ տարիների ընդհանուր տրամաբանության մեջ: Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում կրկին նախապատվությունը տրվում է սոցիալական ուղղվածությանը, իսկ մյուս ոլորտներում մինչ այս հաստատված համամասնույունը հիմնականում պահպանվում է:
Պետք է նկատել, որ վերջին տարիներին բյուջեի ընդհանուր ցուցանիշները շարունակակաբար բարելավվում են: Դրա մասին են վկայում հստակ թվային ցուցանիշները:
Ինչպես երևում է գծապատկերից` սկսած 2010թ-ից բյուջեի եկամուտները և ծախսերը շարունակաբար աճել են, իսկ բյուջեի պակասուրդի (դեֆիցիտ) կրճատման տեմպերը հիմնականում պահպանվել են: «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հաջորդ տարվա պետբյուջեն հաստատել՝ եկամուտների գծով՝ 1 տրլն 184,5 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրլն 298,6 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 114,1 մլրդ դրամ:
Պետք է նկատել, որ բյուջեի նախագծով դեֆիցիտը կազմելու է ՀՆԱ-ի 2,34%, ինչը տնտեսագիտության մեջ համարվում է ընդունելի ցուցանիշ: Դեֆիցիտի ֆինանսավորման համար նախատեսվում է ներքին աղբյուրներով հավաքել 103,6 մլրդ դրամ, իսկ արտաքին աղբյուրների հաշվին`10,5 մլրդ:
Դատելով գծապատկերից` կարող ենք ասել, որ բյուջեի դեֆիցիտը, պահպանվելով գրեթե նույն մակարդակի վրա, նախորդ տարիների համեմատ նշանակալիորեն փոխել է իր կառուցվածքը: Դրա արտաքին ֆինանսավորումը տարիների ընթացքում զգալիորեն կրճատվել է` իր տեղը զիջելով ներքին փոխառություններին:
Նոր բյուջեով ծրագրվում է, որ 1 տրլն 184,5 մլրդ դրամ եկամուտներից 1 տրլն 131,2 մլրդ դրամը կհավաքվեն հարկային եկամուտներից ու պետական տուրքերից: Այս մակարդակը 13,4 %-ով գերազանցում է 2013թ-ի մակարդակը և 3%-ով` 2014թ-ին հաստատված ցուցանիշը: