25/11/2014 20:33
Ես այդ հաճույքը ոչ մեկին չեմ պատճառի. Արման Բարդումյան
Life.pamorama.am-ն երգիչ Արման Բարդումյանի հետ զրուցել է «երդվյալ լռության», այսօրվա և 90-ականների տարբերության, նրանց առջև «փակված դռների», և իհարկե, ընտանիքի մասին: Փորձեցինք հասկանալ՝ նեղացա՞ծ է Արմանը այսօրվա շոու-բիզնեսից, թե՞…:
-Արման, վաղուց ձեզանից տեղեկություններ չունենք: Հիմա ինչո՞վ եք զբաղված:
-Ինչպես միշտ՝ երգում եմ, բայց իմ նախընտրած հանդիսատեսի համար:
-Ինչո՞ւ նոր երգեր, տեսահոլովակներ չեք ներկայացնում:
-Իսկ ո՞ւմ համար ներկայացնեմ նոր տեսահոլովակ:
- Ըստ ձեզ՝ դուք հեռուստադիտողների մեջ լսարան չունե՞ք...
-Հեռուստադիտողին այնքան են շեղել այսօրվա անհասկանալի երաժշտությամբ, որ չեմ կարծում, թե կլսեն: Եվ հետո, ենթադրենք նկարահանեցի. որոշ հեռուստաընկերություններ պարզապես կարող է եթեր չհեռարձակեն: Նրանք ավելի շատ այսօրվա անհասկանալի երգերը կտան, քան այն, ինչ մենք ենք ներկայացրել:
- Ինչո՞ւ եք կարծում, որ չեն հեռարձակի: Գումարի՞ խնդիրն է, թե այլ տարաձայնություններ կան:
-Եվ գումարի, և, կարծում եմ, տարաձայնությունների: Խոսքս, իհարկե, ոչ բոլոր հեռուստաընկերությունների, բայց՝ մեծամասնության մասին է:
-Ձեր սերնդի երգիչները, կարծեք, թե բոլորը միանգամից դաշտից հեռացան: Ինչ-որ հատուկ պատճառ կա՞ր, թե՞…
-Իսկապես, եկավ մի պահ, երբ բոլորս անսպասելի հեռացանք, ամեն տեղ մեր դիմաց դռները փակվեցին: Այդպես էլ չհասկացանք, թե ինչու:
-Եվ որևէ բացատրություն չտվեցի՞ն:
-Բացարձակ:
-Գիտենք, որ երգչի աշխատանքով ոչ միշտ է հնարավոր և անձնական, և ընտանիքի հոգսերը հոգալ… Եղե՞լ է, որ երգը թողնեք և զբաղվեք այլ գործով:
-Ոչ, երբեք: Ես միայն երգելով եմ վաստակում:
-Շատերը, երբ հայրենիքում պասիվանում են, մեկնում ենք երկրից: Երբևէ նման բան Ձեր մտքով անցե՞լ է:
- Ես 10 տարի առաջ եղել եմ դրսում: Շատ լավ էր, դժգոհ չեմ: Բայց այնտեղ օտարություն էր: Ես գերադասում եմ լինել իմ երկրում, իմ հայրենիքում:
-Արման, երբեմն հարց է ծագում՝ արդյո՞ք նեղացել եք շոու-բիզնեսի դաշտից կամ հանդիսատեսից:
- Չեմ նեղացել, ո՞ւմից պետք է նեղանամ: Ես այդ հաճույքը ոչ մեկին չեմ պատճառի (ժպտում է):
-Երբ համեմատում եք 90-ականների և այսօրվա էստրադան, ի՞նչ տարբերություն եք զգում:
- Մենք գրում էինք հոգով, իսկ հիմա գրում են փողով... Իսկ երբ արվեստի մեջ փողն է խոսում, դա այլևս մնայուն արժեք չի կարող լինել:
-Ժամանակակից երգիչ-երգչուհիների մեջ կա՞ն մարդիկ, որոնց հետ կցանկանայիք համագործակցել, դուետով հանդես գալ:
-Մեր երգչուհիներից կամ երգիչներից բացարձակ ոչ մեկի: Ես պատիվ եմ ունեցել զուգերգով հանդես գալ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Պեվցովի հետ:
-Իսկ մերոնցից չկա՞ մեկը, ում գործերը ձեզ դուր են գալիս:
-Կան, ինչո՞ւ ոչ, պարզապես չեմ կարող նրանց կողքին հանդես գալ… Ինձ չեմ համարում այնքան տաղանդավոր, որ կարողանամ կանգնել Արթուր Մեսչյանի, Արտավազդ Բայաթյանի կամ Ռուբեն Հախվերդյանի կողքին ու երգել:
-90-ականների շատ երգիչներ այսօր նորից սկսել են ակտիվ գործունեություն ծավալել՝ նոր երգեր, տեսահոլովակներ: Դուք մտածո՞ւմ եք «բում»-ային վերադարձի մասին:
-Այդ վերադարձը պահանջում է մեծ գումարներ: Իսկ այսօր, երբ ես գումար եմ աշխատում, այլևս ուրիշ բաների մասին չեմ մտածում:
-Կարծում եմ, մարդիկ անտարբեր չեն, թե ինչպիսի ընտանիք ունեք: Կանկեղծանա՞ք:
-Ունեմ երկու բալիկ և հիմա նրանցով եմ զբաղվում: Սովորեցնում եմ «լողալ», քանի որ մի օր դուրս են գալու կյանքի մեծ «օվկիանոս»: Պետք է լավ «լողալ» իմանան այս կյանքում: