25/11/2014 16:24
Արմեն Մարության. Կվերադառնամ, չմտածեք
Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանը, ով հաճախակի հեռուստադիտողին էր ներկայանում սերիալների միջոցով, տևական ժամանակ է, բացակայում է էկրաններից:
Life.panorama.am–ը կապ հաստատեց դերասանի հետ՝ տեղեկանալու, թե արդյո՞ք հեռուստատեսային բացակայությունը պայմանավորված է նեղացածությամբ: «Իհարկե ոչ մի նեղացածություն չկա, պարզապես զբաղվածությունս է շատ: Նաև մի մոռացեք, մի քիչ մեծացել եմ, չեմ հասցնում այդ վազքին: Եթե անկեղծ լինեմ, նորմալ դեր լ չեմ տեսնում, հո ամեն դերի չե՞ս համաձայնի: Եթե հետաքրքիր մի բան նկարահանվի, ինքս կառաջարկեմ իմ մասնակցությունը, բայց արդեն ամեն ինչ կրկնվում է, սերիալներն ու կերպարներն իրար են կրկնում, թեման անընդհատ ծեծվում է: Ռուսական սերիալներն ավելի հետաքրքիր են դարձել, 2-3 շաբաթում ավարտվում է սերիալը, մեզ մոտ հասցնում ենք «ծերանալ» մեկ սերիալի ընթացքում»,-ժպիտով անկեղծացավ դերասանը:
Արմեն Մարությանը նախընտրում է իր մասնագիտական զբաղվածությունը փառատոններում ու թատրոնում վայելել: Այժմ անձամբ է բեմադրում Գուրգեն Խանջյանի «Որբերի ընտանիքը» ստեղծագործությունը: Սակայն դերասանը վստահեցնում է. «Երբ մի քիչ զբաղվածությունս քչանա, անպայման կվերադառնամ, չմտածեք»: