25/11/2014 13:10
Այս տարի Կանանց իրավունքների կենտրոնը թեժ գծով ստացել է 1437 զանգ
Այս տարվա ընթացքում Կանանց իրավունքների կենտրոնը թեժ գծով ստացել է 1437 զանգ, որից 76-ը ստացվել է մարզերից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կանանց իրավունքների կենտրոնի նախագահի օգնական Քրիստինա Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ այդ ահազանգերից 1187-ը վերաբերում էր ընտանեկան բռնությանը՝ հոգեբանական, սեռական, ֆիզիկական:
Ք. Պետրոսյանն ասաց, որ դրանցից 511-ը եղել են առաջնային, 676-ը կրկնվող բռնությունների մասին ահազանգեր:
«Առաջնային բռնության ահազանգերից 395-ը եղել է հոգեբանական, 109-ը՝ ֆիզիկական և 7-ը սեռական բնույթի բռնությունների վերաբերյալ»,- ասաց նա:
Կենտրոնի իրավաբան Անաիդա Միքայելյանն ասաց, որ Հայաստանում ցածր է կանանց իրավագիտակցության մակարդակը, սակայն չկա կնոջը պաշտպանող օրենք և ոլորտը կարգավորող օրենքի առկայության դեպքում իրավիճակը կփոխվի:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը ասաց, որ զանգերի քանակի ավելացումը չի խոսում դեպքերի թվի աճի մասին, այլ, որ կանայք ավելի ինքնուրույն են դարձել, ինքնավստահ և իրենց իրավունքներին տեղյակ:
Նա հիշեցրեց, որ այսօր կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրն է և դրա կապակցությամբ աշխարհում հայտարարված է ընդդեմ գենդերային բռնության ակտիվիզմի 16-օրյակ: Կանանց դեմ բռնությունների վերացման քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 10-ին: