25/11/2014 10:15
Գյումրեցի ֆուտբոլիստներն այցելել են Շիրակի սարսափելի ավտովթարից տուժած 13-ամյա Էդմոն Սիմոնյանին
Գյումրեցի 13-ամյա Էդմոն Սիմոնյանը, ով տուժել է հայտնի ավտովթարից և կոտրվածքով ու այրվածքներով տեղափոխվել Երևանի 3-րդ մանկական հիվանդանոց, այսօր անսպասելի հյուրեր է ունեցել՝ Գյումրու ֆուտբոլային պատվիրակությունը՝ ի դեմս ՀՖՖ Շիրակի մարզի ներկայացուցիչ Սենիկ Առաքելյանի: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Էդմոնը, ծանոթանալով հարևան հիվանդասենյակում գտնվող Պերճ և Մարիամ Պողիկյանների հետ, պատմել էր նրանց, որ շատ է սիրում ֆուտբոլ: Տեղեկանալով այս ամենի մասին` մեր ֆուտբոլային ներկայացուցիչները որոշել են անակնկալ այցելություն կազմակերպել Էդմոնի համար, որը շատ է ուրախացել՝ տեսնելով հյուրերին:
Ուրախալի է, որ Էդմոնը բացարձակապես չի ընկճվել իր հետ պատահած դեպքից և անդադար կրկնում էր «տո ընձի ինչ է եղե, որ»: Նա խոստացել է շուտ ապաքինվել,կրկին ֆուտբոլ խաղալ և լինել հայկական ֆուտբոլի մեծ երկրպագու:
Լուսանկարում՝ Սենիկ Առաքելյան, «Սև Հովազներ» ֆան ակումբի համակարգողներ Արթուր Գևորգյան, Ալբերտ Մկրտչյան և «Շիրակ» ակումբի դարպասապահ Գոռ Էլյազյան: