25/11/2014 09:30
Ընդդիմությունն անտարբերություն ցուցաբերեց Հայաստանի համար ճակատագրական հարցում
«168 Ժամը» գրել է «Երեկ ԱԺ-ի երկու` Արտաքին հարաբերությունների և Տնտեսական հանձնաժողովները կազմակերպել էին խորհրդարանական լսումներ «ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով:
Մինչդեռ խորհրդարանի վեց խմբակցություններից առնվազն երեքի ներկայացուցիչները, կարելի է ասել, չմասնակցեցին երեկվա խորհրդարանական լսումներին: ՀԱԿ-ից մասնակցում էր միայն Նիկոլ Փաշինյանը, ով չի ներկայացնում ՀԱԿ խմբակցությունը: Որոշ ժամանակ ներկա լինելով դահլիճում` նա ոչ հարց տվեց զեկուցողներին, և ոչ ելույթ ունեցավ: 35 հոգանոց ԲՀԿ խմբակցությունից մի շատ կարճ ժամանակով դահլիճում էին Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ովքեր ևս ոչ մի կերպ չարտահայտեցին ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը: ՀՅԴ-ից լսումներին ներկա էր նախ` խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, իսկ հետո` Արծվիկ Մինասյանը, ովքեր նույնպես չմասնակցեցին քննարկումներին` ո՛չ հարցերի, ո՛չ ելույթների տեսքով:
Ամենայն հավանականությամբ, այս խմբակցություններն այդպես էլ դիրքորոշում չեն արտահայտի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ, նույնիսկ այն ժամանակ, երբ այն պաշտոնապես կքննարկվի խորհրդարանում: Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա այն կհայտարարվի ազատ, և մեծամասնությունը կողմ կքվեարկի փաստաթղթին, թեև կլինեն նաև քվեարկության ժամանակ դահլիճից բացակայողներ կամ ձեռնպահներ: Այսինքն՝ քվեարկությունը ևս կանցնի նույնպիսի անտարբերության մթնոլորտում»: