25/11/2014 14:59
Կաթողիկոսն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտած Լեհաստանի դեսպանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտած Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքի խոսքն է փոխանցել դեսպանին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նկատմամբ նրա դրսևորած առանձնահատուկ ջերմ վերաբերմունքի համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատել է նաև վերջինիս պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-լեհական միջպետական հարաբերություններում արձանագրված շոշափելի արդյունքները: Այս մասին հայտնում է Մայր աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական կապերին` Ամենայն Հայոց Հայրապետը մասնավորապես ընդգծել է, որ դարեր շարունակ ձևավորված այդ բարեկամության հիմք են հանդիսացել քրիստոնեական հավատը և միևնույն արժեհամակարգը, որոնք այսօր ևս հարկ է ամրապնդել տարբեր ոլորտների արդյունավետ փոխգործակցության միջոցով:
Նորին Սրբությունն անհրաժեշտ է համարել նաև համագործակցության առավել աշխուժացումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Լեհաստանի Կաթոլիկ Եկեղեցու միջև միջեկեղեցական հարաբերություններում` տեղեկացնելով, որ առկա գործակցության արդյունքում կատարվել է հոգևորական ուսանողների փոխանակություն:
Այնուհետև Հայաստանում իր դիվանագիտական ծառայությունից ստացած տպավորություններով կիսվել է տիար Զդիսլավ Ռաչինսկին` միևնույն ժամանակ Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնելով Հայ Եկեղեցու կողմից Լեհաստանի և Լեհաստանի դեսպանատան նկատմամբ դրսևորվող հատուկ ուշադրության համար:
Զրույցի ընթացքում խոսվել է նաև Լեհաստանի հայ համայնքի, Հայաստանում լեհ ժողովրդին ավելի ճանաչելի դարձնելուն ուղղված ծրագրերի և հայ-լեհական եղբայրական կապերի մասին:
Հանդիպմանը ներկա էր Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: