25/11/2014 12:34
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված երեկո. Համաշխարհային պրեմիերա՝ «Պոետի կյանքը»՝ նվիրված Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին
Դեկտեմբերի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Հոբելյանական երեկոյին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Գյումրու «Տիրամայր» երգչախումբը՝ Ռ. Մլքեյանի ղեկավարությամբ:
Ծրագրում կհնչեն Ռոբերտ Ամիրխանյանի «Պոետի կյանքը» օրատորիան՝ նվիրված Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին /համաշխարհային պրեմիերա/, խմբերգերի շարք և մեներգերի ընտրանի: Մենակատարներ՝ Մոնիկա Մանուչարովա, Մերի Մնջոյան, Աննա Ավդալյան, Ծովինար Գևորգյան, Մելինե Գալոյան: Համերգը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ:
Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Էդուարդ Միրզոյանի դասարանը:
Ռոբերտ Ամիրխանյանը եղել է Հայկական ռադիոյի երաժշտական խմբագիրը: 1984թ. նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի, իսկ 1986թ.-ին՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումները: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է:
1991-2013թթ. եղել է Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահը: Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ («Ատամնաբույժն արեւելյան»), երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար:
Հեղինակել է այնպիսի հայտնի և սիրված երգերի երաժշտություններ, ինչպիսիք են` «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն: 1998թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2012թ. «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: