25/11/2014 11:13
Կոտայքի մարզի բնակիչը յուղի տեսքով ձևափոխված նավթամթերթ է լցրել փաստաբանի դեմքին՝ սպառնալով այրել նրան
Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղի բնակիչ 39-ամյա Հայկ Իխտիարյանը մեղադրվում է փաստաբան Վարդան Ասատրյանին այրել սպառնալու մեջ: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Հայկ Իխտիարյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2014թ. օգոստոսի 27-ին` ժամը 14-ի սահմաններում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի 29 հասցեում գտնվող Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց, Անդրեաս Մելքոնյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում քննելու հետ կապված, ցավագին ընդունելով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վարդան Ասատրյանի կողմից նույն գործի շրջանակներում իր պաշտպանյալի` Ա.Մելքոնյանի շահերի պաշտպանությունն իրականացնելու հանգամանքը, յուղի տեսքով ձևափոխված նավթամթերթ է լցրել Վ.Ասատրյանի դեմքին և հագուստներին` հրապարակայնորեն սպառնալով վերջինիս առողջությանը վնաս պատճառել, այն ` այրել:
Այսինքն` Հայկ Իխտիարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասով (Նախնական քննություն վարելու կամ արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքը կամ բռնի գործողությունները, որ կատարվել են դատախազի, քննիչի, հետաքննություն կատարող անձի, պաշտպանի, փորձագետի կամ դատական ակտերի հարկադիր կատարողի կամ նրանց մերձավորի նկատմամբ նախնական քննություն վարելու, գործը կամ նյութերը դատարանում քննելու կամ դատարանի դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը կատարելու հետ):