25/11/2014 21:07
Հեֆֆերն. Պատժամիջոցները Հայաստանի դեմ չեն, ՌԴ-ն էլ գիտի՝ ինչ անել դրանց վերջ տալու համար
ԱՄՆ դեսպանությունն այսօր կազմակերպել էր «Հայաստանի գործընկերությունը Արևմուտքի հետ» թեմայով թվիթերյան ճեպազրույց, որի ընթացքում օգտատերերի հարցերին պատասխանեցին ԱՄՆ, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Լիտվայի դեսպանները: Քննարկումն ընթանում էր #ChatWAmb հեշթեգով:
Հիմնական քննարկվող հարցերն էին հայկական ուղղաթիռի խոցումը, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները: Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով դեսպանները նշեցին, որ անում են ամեն ինչ, որպեսզի կողմերը գտնեն խաղաղ կարգավորման եզրեր:
Հայ-թուրքական հարաբերությունների մասով էլ, ԱՄՆ դեսպանն արձանագրեց, որ ակնկալում են պետական, հանրային և բիզնես մակարդակներով ակտիվ փոխշփում կողմերի միջև, ինչպես նաև հայտնի արձանագրությունների վավերացում:
Տրայան Հրիսթեան էլ արձանագրեց, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանն առանց նախապայմանների:
Aysor.am-ը ևս հարց էր ուղղել` արդյոք Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չե՞ն ազդի հայաստանյան տնտեսության վրա, ինչին դեսպան Հեֆֆերնն արձագանքեց, որ պատժամիջոցները Հայաստանի դեմ չեն, իսկ Ռուսաստանը գիտի ինչ է պետք անել, որպեսզի վերջ տա պատժամիջոցներին:
Միաժամանակ Հեֆֆերնը ըմբռնումով է մոտենում, որ տնտեսությունները փոխկապակցված են, ու սա, ըստ նրա, ևս մեկ պատճառ է Արևմուտքի հետ հարաբերությունների համար ՝ դիվերսիֆիկացնել տնտեսությունն ու ստեղծել հնարավորություններ:
Մեծ Բրիտանիայի դեսպան Լիչն էլ մեր հարցադրմանն արձագանքեց, որ ռուբլու անկումը կարող է ազդել աշխատանքային միգրանտների վրա և ավելացրեց, որ երբ կան խոչընդոտներ, ապա դրանք վատ են բոլոր կողմերի համար: