25/11/2014 16:46
Մ. Հակոբյան. Ադրբեջանն իրավասու չէ և չի կարող սահմանափակել Արցախի օդային տարածքը
«Այս պահին ընթանում է ծառայողական քննություն, որի արդյունքով կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Ծառայողական քննության արդյունքներից հետո ամեն ինչ պարզ կդառնա»,-այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի հետ կապված միջադեպին, ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:
Ադրբեջանն, նրա խոսքով, իրավասու չէ և չի կարող սահմանափակել Արցախի Հանրապետության օդային տարածքը:
«Արցախում միշտ էլ իրականացվել են թռիքներ, դրանք շարունակվելու են: Բոլոր միջադեպերը ազդում են բանակի վրա, սակայն դա չի նշանակում, որ բանակը հոգեբանորեն անկում է ապրելու»,- ընդգծեց Մ. Հակոբյանը՝ հավելելով, որ բանակը ստեղծված է պատերազմելու համար և ուղղաթիռի հետ կապված միջադեպը պատերազմի մի դրվագն է:
«Բանակը միշտ էլ բերված է այնպիսի պատրաստվածության, որ ցանկացած պահի պատրաստ է համարժեք պատասխան տալ հակառակորդի ոտնձգություններին»,- ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատարը:
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին՝ Մ. Հակոբյանն ասաց, որ չի կարող գնահատական տալ միջազգային կազմակերպությունների գործողություններին, քանի որ նրանք իրեն չեն ենթարկվում: