25/11/2014 15:33
Նորընծա չեմպիոն. Հաղթանակս նվիրում եմ Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին
Ժամը 01:30-ին «Զվարթնոց» օդակայանում վայրէջք է կատարել Մոսկվա-Երևան չվերթի օդանավը, որով հայրենիք էին վերադառնում նաև Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Մարզաձևի բազմաթիվ երկրպագուներ էին հավաքվել` դիմավորելու՝ հատկապես աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանին, ով ուժեղագույնն էր մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում:
sambo.am-ին տված կարճ հարցազրույցում Մավրիկ Նասիբյանը հայտարարել է, որ իր հաղթանակը նվիրում է Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին:
Հիշեցնենք, որ և նորընծա չեմպիոնը, և բրոնզե մեդալի արժանացած Աշոտ Դանիելյանը արցախցի են ու ներկայացնում են Ստեփանակերտի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը:
Սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-23-ը, Ճապոնիայի Նարիտա քաղաքում՝ 80 երկրի շուրջ 600 մարզիկների մասնակցությամբ: