25/11/2014 21:02
Չնայած Հայաստանը բոլորիս տունն է, բայց կյանքս դասավորել եմ Ամերիկայում. Ռազմիկ Մանսուրյան
Երգիչ-դերասան Ռազմիկ Մանսուրյանին, կարծում եմ, յուրաքանչյուր ընտանիքում բոլոր սերունդներն են ճանաչում. «Երջանկության Մեխանիկա» ֆիլմից տարածում գտած «պիոս» արտահայտությունն այսօր շատերն են օգտագործում, թեև, երբեմն էլ չիմանալով, թե որտեղից է գալիս: Տարիներ առաջ ճակատագիրը նրան հեռացրեց հայրենիքից: Դերասանն այսօր ապրում ու ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Չի մտածում երբևէ Հայաստան վերադառնալու մասին, բայց կապը հայրենակիցների հետ միշտ կա ու կմնա: Life.panorama.am-ի հետ զրույցում Ռ. Մանսուրյանն անկեղծացավ ստեղծագործական ուղղու, կինոարվեստի, ընտանիքի և Մանսուրյան տոհմածառի մասին:
-Պարոն Մանսուրյան, ինչպե՞ս եք զգում Ձեզ Միացյալ Նահանգներում:
-Գերազանց:
-Արդեն քանի՞ տարի է, որ այդտեղ եք ապրում:
-24 տարի:
-Դուք և երգում եք, և դերասան եք: Ո՞ր մասնագիտությունն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
-Ասեմ այսպես. ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերայի երգի բաժինը: Ուստի, նախ՝ երգիչ եմ, հետո՝ կինոդերասան:
-Այդ դեպքում, ինչո՞ւ ենք երգարվեստում Ձեզ ավելի քիչ տեսնում:
-Որովհետև կինոն խանգարեց: Քանի որ այն ինձ անմիջապես ճանաչում բերեց, ոգևորվեցի և ավելի շատ տարվեցի ֆիլմով, քան երաժշտությամբ:
-Իսկ ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը կինոասպարեզում:
-Ճանաչում ձեռք բերեցի 1982 թվականին. աշխատում էի օպերայի թատրոնում: Կինոբեմադրիչ Ներսես Հովհաննիսյանն ինձ հրավիրեց «Երջանկության մեխանիկա» ֆիլմում նկարահանվելու: Այստեղից էլ ամեն ինչ սկսվեց:
-Հետաքրքիր է, հետևո՞ւմ եք հայաստանյան կինոշուկային, ինչպե՞ս եք գնահատում:
-Հետևում եմ, իհարկե, բայց, ցավոք սրտի, առաջխաղացում չեմ նկատում:
-Այդտեղ՝ Ձեզ մոտ, ամեն ինչ ա՞յլ է, թե՞…
-Ձեր հարցին մի այսպիսի պատմությամբ պատասխանեմ. մի անգամ Երևանում, դուրս գալով «Անի» ռեստորանից, տաքսի կանգնեցրեցի: Վարորդը հարցրեց. «Ուղի՞ղ, թ՞ե ոնց»: «Թե ոնց» վարորդին պատասխանեցի ես… այնպես որ՝ թե» (ծիծաղում է):
-Փաստորեն այնքա՞ն էլ չենք զիջում ամերիկյան կինոարվեստին:
-Ոչ, ոչ, ասածս ամերիկյան կինոարվեստին չէր վերաբերում: Եթե խոսքը դրա մասին է, միլիոնավոր կիլոմետրերով ենք զիջում, իսկ եթե այստեղի հայկական կինոշուկայի, ապա ամեն ինչ նույնն է, մեկը մյուսին չի գերազանցում:
-«Երջանկության մեխանիկա» ֆիլմում Ձեր «պիոս» արտահայտությունը թևավոր խոսք դարձավ: Հետաքրքիր է արտահայտության պատմությունը. իմպրովիզացիա էր, թե՞ սցենարում ներառված խոսք:
-Հավատացեք, որ բոլոր այն արտահայտությունները, որոնք ֆիլմերում արել եմ և հետո թևավոր խոսքեր են դարձել, բոլորն էլ իմպրովիզացիայի արդյունք են:
-Ինչպե՞ս ստացվեց, որ Խորհրդային Միության տարիներին, երբ գրաքննությունն արդիական էր, արտահայտությունը դուրս չմնաց ֆիլմից:
- Որոշողը Մոսկվան էր. լսեցին, հավանեցին և ընդունեցին (ծիծաղում է):
-Պարոն Մանսուրյան, ե՞րբ եք վերջին անգամ Հայաստանում եղել, ի՞նչ առիթով:
-Անցյալ տարի իմ մենեջերի՝ Հակոբ Թանգաբեկյանի հետ գնացել էի Ռոստով՝ համերգների: Բնականաբար, եկա նաև Հայաստան, մասնակցեցի մի քանի միջոցառումների:
-Այդտեղ ունե՞ք ընկերներ Ձեր ոլորտից:
-Իհարկե ունեմ, և բոլորի հետ էլ ջերմ հարաբերությունների մեջ եմ:
-Համախմբվա՞ծ են տեղի հայերը:
-Այո, շատ: Եթե համախմբված չլինեն, չեն կարող հայրենիքին օգտակար լինել:
-Մտածո՞ւմ եք երբևէ Հայաստան վերադառնալու ու մնալու մասին:
-Ոչ: Չնայած Հայաստանը բոլորիս տունն է, բայց այնպես է ստացվել, որ կյանքս դասավորել եմ Ամերիկայում:
-Այդտեղ ինչո՞վ եք զբաղվում:
-Նկարահանվում եմ ֆիլմերում, մասնակցում եմ համերգների: Ապրիլ ամսին պատրաստվում եմ ունենալ իմ տարեկան մենահամերգը:
-Ներկա պահին ֆիլմում զբաղվածություն ունե՞ք:
-Այո, նկարահանվում եմ «Կտակով թագուհին-2» ֆիլմում:
-Կպատմե՞ք Ձեր ընտանիքից:
- Շատ լավ ընտանիք ունեմ: Կինս՝ Լուսինեն, ինձ պարգևել է երկու գեղեցիկ և խելացի դստրիկներ՝ Երանուհուս և Վարդուհուս, որոնցով հպարտանում եմ ոչ միայն ես, այլ նաև ինձ շրջապատող մարդիկ:
-Ընտանիքի մյուս անդամները կապ ունե՞ն արվեստի աշխարհի հետ:
-Ոչ, նրանք բոլորովին այլ մասնագիտություններ ունեն:
-Ձեր աղջիկներն ամուսնացա՞ծ են:
-Ոչ:
-Ինչպե՞ս կվերաբերեք, եթե նրանց ընտրյալները հայեր չլինեն: Դա կարևորո՞ւմ եք:
-Աղջիկներս հայկական դպրոց են հաճախել, հիմա ուսանում են բարձրագույն ուսումնական հաստատությունում: Ե՛վ ընտանիքում, և՛ դպրոցում հայեցի դաստիարակություն են ստացել: Համոզված եմ, որ իրենց համար այլազգի կյանքի ընկեր չեն ընտրի:
-Այս հարցը, հավանաբար, Ձեզ հաճախ են տվել: Ամեն դեպքում, պատասխանը, կարծում եմ, քչերը գիտեն. Տիգրան և Արաքսյա Մանսուրյանների հետ ազգակցական կապ ունե՞ք:
-Ես միշտ Արաքսյա Մանսուրյանին քրոջ պես եմ վերաբերել, համարել եմ ինձ քույր: Մի քանի տարի առաջ, երբ այստեղ էր, պատմեց, որ տեսել է Մանսուրյանների տոհմածառը, և մենք նույն տոհմից են: Այնպես որ, կարելի է ասել՝ այո, մենք ազգականներ ենք:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: