25/11/2014 17:40
ՌԴ օմբուդսմենը պարզել է, որ Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի զննումը լիարժեք չի եղել
Մոսկվայում տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի զննումը լիարժեք չի եղել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանյանցը:
Նրա խոսքով՝ այս տեղեկատվությունն առկա է Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Էլլա Պամֆիլովայի կողմից ստացված իրենց հարցման պատասխանում:
«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հարցում էր ուղարկել ՌԴ օմբուդսմենին՝ պարզելու, թե ինչքանով է օրինական նման առողջական վիճակում գտնվող անձին կալանքի տակ պահելը: Էլլա Պամֆիլովայի պատասխանում նշված է, որ իր ներկայացուցիչները տեսակցել են Լևոն Հայրապետյանին և պարզվել է, որ նրա առողջական վիճակի զննումն ամբողջական չի եղել: ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի միջնորդությամբ կազմվել է լրացուցիչ գրաֆիկ՝ Լ. Հայրապետյանի բժշկի հետ հանդիպելու համար: Դրանից հետո հոկտեմբերի 3-ին Բասմանի քաղաքային դատարանը փոխեց խափանման միջոցը»,- ասաց Ե. Թումանյանցը:
Նրա խոսքով՝ իրենց առջև դրված խնդիրը համարում են լուծված, մասնավորապես այն, որ Լ. Հայրապետյանի համար նման կրիտիկական պահի ՌԴ օմբուդսմենը այցելել և պարզել է, որ նա ամբողջական բուժզննության չի ենթարկվել:
Հարցին՝ այդ դիմումի հիման վրա քայլե՞ր են ձեռնարկելու, Ե. Թումանյանցն ասաց, որ իրենք հետևողական են և եթե ընթացքում նորից խնդիրներ առաջանան, կդիմեն ՌԴ-ի գործընկերներին, իսկ իրենց լիազորությունները սրանով սահմանափակվում են:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյան ձերբակալվեր էր Մոսկվայում, նրան մեղադրում են փողերի լվացման մեջ: