25/11/2014 19:48
Սամանամերձ Չինարի գյուղում ավարտվում է պաշտպանիչ պատի կառուցումը. Լուսանկարներ
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում ավարտվում է մանկապարտեզի մոտ կառուցվող պաշտպանիչ հենապատի կառուցումը:
Պատի շնորհիվ ոչ միայն հնարավորինս կպաշտպանվի մանկապարտեզ տանող ճանապարհն, այլև՝ հնարավոր կլինի գյուղի վերևի թաղամասը կապել կենտրոնի հետ:
Չինարիում Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը նշեց, որ պատի երկարությունը լինելու է մոտ 180 մ, բարձրությունը՝ 2մ:
«Դեռևս գարնանը, երբ սահմանային լարվածությունը սկսեց թեժանալ, որոշեցինք դպրոց և մանկապարտեզ տանող ճանապարհներին ծառեր տնկել, որպեսզի դրանք հնարավորինս պաշտպանեն ու ծածկեն հակառակորդի նշանառության տակ գտնվող այդ հատվածները»,- ասաց Սամվել Սաղոյանը:
Ինչ վերաբերում է պատին, ապա Սամվել Սաղոյանի խոսքով՝ այն կառուցվում է Կառավարության որոշմամբ.
«Ամռանը, հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին, երբ սահմանային լարվածությունն այս հատվածում գագաթնակետին էր հասել, գյուղ այցելեցին մի շարք պաշտոնյաներ: Նման հենապատի կառուցումն արդեն խիսt անհրաժեշտություն էր դարձել, քանի որ գյուղը բաժանվում էր երկու մասի և կրակոցների ժամանակ հնարավոր չէր կենտրոնից գնալ վերևի թաղամաս, քանի որ այդ ճանապարհն ուղիղ նշանառության տակ է: Վարչապետի այցելության ժամանակ առաջարկվեց նման պատի կառուցումը, փոխանցվեց գումար ու սկսվեց շինարարությունը»,- պատմեց Սամվել Սաղոյանը:
Բացի այդ, նույն ծրագրի շրջանակներում որոշվեց փոքրացնել դպրոցի՝ հակառակորդի հենակետերին նայող պատուհանները: Նույնն արվեց նաև մանկապարտեզի դեպքում:
Սամվել Սաղոյանի խոսքով՝ դպրոցում և մանկապարտեզում անվտանգության ամրապնդման աշխատանքներն ավարտվել են և մնում է միայն ներկել փակված պատուհանները:
«Ինչ վերաբերում է պատին, նախօրեին մենք ստացանք անհրաժեշտ շինանյութի վերջին խմբաքանակը: Կարծում եմ՝ ամենաուշը նոյեմբերի 30-ին այն լիովին պատրաստ կլինի»,- ասաց Սամվել Սաղոյանը:
Նշենք, որ պատի կառուցման հատվածում հակառակորդի հենակետն ուղիղ գծով հեռու է մոտ 800մ: