25/11/2014 13:37
ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Հարսնաքարի» գործով դատապարտյալների բողոքները. Նրանք կդիմեն ՄԻԵԴ
ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Հարսնաքարի» գործով դատապարտյալների բողոքները: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Վճռաբեկի որոշման՝ բողոքաբերների փաստարկների, գործի նյութերի և բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում դատարանը գտնում է, որ բողոքաբերների կողմից չի հիմնավորվել, որ բողոքարկված դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է հիշատակված որոշումներում դրան տրված մեկնաբանությանը, ինչպես նաև, որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:
Նորայր Հայրապետյանի և Արման Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր համար սպասելի էր նման որոշումը:
«Վճռաբեկ դատարանը հավատարիմ է մնում նախկինում ունացած իր վարքագծին, իսկ Առաջին ատյանում և Վերաքննիչում այս գործով իրադարձությունների զարգացումը վկայում էին նման ելքի մասին»,-ասաց նա:
Փաստաբանը ասաց, որ ինքն էլ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել, որ բողոքը մերժվել է, սակայն որոշումը դեռևս չի ստացել, և դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է «Հարսնաքարի» գործով դատավճիռը:
Դատարանը Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին դատապարտել է 12-ական տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի:
Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել: