25/11/2014 19:16
Վիոլետա Գևորգյան. Ես չէի պատկերացում, որ առանց թատրոնի կապրեմ, բայց ապրում եմ ու տեսքս էլ բավական լավ է
ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակների դափնեկիր Վիոլետա Գևորգյանի 70-ամյակի առթիվ վաղը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա նրա հոբելյանական երեկոն:
Երեկոյի ներկայացումը բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ հոբելյանական երեկոյի ընթացքում Վիոլետ Գևորգյանը հանդես կգա իր լավագույն դերերով և մենախոսությամբ:
«Վիոլետն ասում է, որ իր կյանքը բաժանվում է երկու մասի՝ մինչ 90-ականները և դրանից հետո: Այդտեղ կա և՛ ստեղծագործական բերկրանքի, և՛ ստիպված պարապուրդի շրջան»,-ասաց Վ. Շահվերդյանը:
Վիոլետա Գևորգյանը ասաց, որ թատրոնը իր կյանքն է եղել, որից զրկվել է 1988 թ.:
«Ես չէի պատկերացում, որ առանց թատրոնի կապրեմ, բայց ապրում եմ ու տեսքս էլ բավական լավ է, իսկ թե ինչ է կատարվում իմ ներսում, Աստված գիտի»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ հայկական թատերական աշխարհի անցուդարձին չի հետևում, քանի որ նյարդայնանում և նախանձում է, որ դրա մեջ ինքը չկա, և հրավեր էլ չունի, ԱՄՆ-ում ստացած թոշակով ապրում է:
Հարցին՝ արդյոք ո՞ւմ հրավերքին է սպասում, Վ. Գևորգյանը ասաց, որ հենց մեկը՝ իր կողքին նստած Վահե Շահվերդյանն է, ով ղեկավարել է Սունդուկյանի անվան թատրոնը:
Վ. Շահվերդյանն էլ ի պատասխան ասաց, որ չի հրավիրել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի գտել, իսկ հիմա ոչ միայն ինքը, այլև բազմաթիվ այլ թատրոններ են հրավիրում, բայց Վիոլետան այլևս դրա անհրաժեշտությունը չի գտնում: