25/11/2014 11:25
Վրաստանի նախագահ. Նոր պայմանագրով Աբխազիան մտնում է ՌԴ-ի կազմի մեջ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանի և Աբխազիայի միջև նոր պայմանագրի ստորագրումը համարում է աբխազական տարածքի բռնակցում, ինչը վտանգում է Հարավային Կովկասի կայունությունը:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Մարգվելաշվիլին նշել է, որ այդ փաստաթուղթը փակուղի է մտցնում Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցությունները:
Նրա խոսքով՝ նոր պայմանագիրը փաստացի միացնում է Վրաստանի մաս կազմող տարածքը Ռուսաստանի ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական տարածությանը և Աբխազիան փաստացի վերածվում է Ռուսաստանի մի մասի:
Մարգվելաշվիլին միջազգային հանրությանը կոչ է արել համախմբվել ընդդեմ Ռուսաստանի բռնակցման քաղաքականության:
Հիշեցնենք, որ նախօրեին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին նոր պայմանագիրը, որը Մոսկվայի և Սուխումի միջև փոխհարաբերությունները բարձրացնելու է որակական նոր մակարդակի:
Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ նոր պայմանագիրը երկարաժամկետ կտրվածքով կապահովի Աբխազիայի անվտանգությունը և նրա բնակչության բարեկեցությունը:
Նոր պայմանագիրը ենթադրում է Աբխազիայի և Ռուսաստանի միջև սոցիալական, տնտեսական փոխհարաբերությունների ընդլայնում, ինչպես նաև Աբխազիայի անդամակցում Ռուսաստանի կողմից ստեղծված ինտեգրացիոն կամ այլ կառույցներին:
Պայմանագրի ամենակարևոր պահը վերաբերվում է համատեղ պաշտպանության մասին կետին, ըստ որի, կողմերից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում մյուս կողմի վրա: Կողմերը ստեղծելու են միասնական բանակային զորամիավորում ագրեսիան հետ մղելու համար: Մոսկվան ստանձնում է երեք տարվա ընթացքում աբխազական բանակը արդիականացնելու պարտավորություն:
Այս պահի դրությամբ Աբխազիայում՝ Գուդաուտա և Օչամչիրա քաղաքներում են տեղակայված ռուսական ռազմաբազաները, իսկ աբխազա-վրացական սահմանը հսկում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը սահմանապահ ուժերը: