26/11/2014 15:37
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պատճառով դասախոսական աշխատանքից հրաժարվել է 150 երիտասարդ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բացասական հետևանքների արշավը շարունակվելու է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման անդամ Արսեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ հետագայում միայն ավելանալու են այն ոլորտները, որոնք տուժելու են Կառավարության անհեռատես քայլերի պատճառով, իսկ ցանկության դեպքում հնարավոր է խնդիրը անմիջապես լուծել գոնե տեխնիկական մասով:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով մասնակցում էր ասուլիսին, ասաց, որ միայն տեխնիկական մասը լուծելով, կարճաժամկետ արդյուք կարելի է ստանալ: Նա ասաց, որ շատ երիտասարդ դասախոսներ և գիտաշխատողներ հրաժարվում են իրենց ծառայությունները տրամադրել այն պատճառով, որ օրենքը պարտադրում է կատարել հակասահմանադրական վճարում:
«Այս օրենքը բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն կրթության ոլորտի, այլև՝ ողջ աշխատաշուկայի վրա: Եթե մինչև դեկտեմբերի 25-ը կառավարությունը օրենքում տեխնիկական փոփոխություններ կատարի, հիմնական հարցը չի լուծվի: Պետք է օրենքում փոփոխություն լինի և այն ամբողջությամբ վերանայվի»,-ասաց նա:
Ա. Մինասյանն ասաց, որ 2015 թ. մարտի 31-ին Սահմանադրական դատարանը երկրորդ անգամ է քննարկելու այդ օրենքի սահմանադրականությունը և իրենց դիմումի մեջ առկա է նաև այս հարցը:
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ մարտի 31-ին իրենք հաջողության են հասնելու:
Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի նախկին գիտաշխատող Գրիգոր Պետրոսյանն էլ իր հերիթին ասաց, որ օրենքի պատճառով դասախոսական աշխատանքից հրաժարվել է 150 երիտասարդ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով պետական և մասնավոր սեկտորում համատեղության կարգով աշխատողները պետք է կուտակային կենսաթոշակի համար վճարում կատարեն երկու աշխատավայրի աշխատավարձից: